Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը շարունակվում է


«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում, 16 մարտ, 2011

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում, 16 մարտ, 2011

Երեքշաբթի օրվանից հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը գիշերն անցկացրել է բաց երկնքի տակ, քանի որ ոստիկանները նրան արգելել են Ազատության հրապարակում վրան տեղադրել:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հովհաննիսյանը, երբ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները վրան են բերել, այդ պահին իրենց ծառայությունները իրականացնող ոստիկանները կապվել են համապատասխան մարմինների հետ, որից հետո ասել են, թե թույլ չեն տալիս Ազատության հրապարակում վրան տեղադրել:

«Ես վրանի պահանջ չեմ դրել, իմ իրավունքն է, եւ մեր համաքաղաքացիները, պատգամավորները պահանջը դրեցին, բերեցին վրանը, ոստիկանությունը արգելեց` առանց որեւէ օրինավոր հղման: Այսօր եթե պատկան մարմինները ուզում են վերանայել այդ որոշումը, ես համարում եմ, որ դա իրենց է պետք, ոչ թե ինձ, եթե ուզում են թույլ տալ, կօգտվենք իմ իրավունքից, բայց ես չեմ խնդրելու», - ասաց Հովհաննիսյանը:

Ոստիկանները ոչ միայն արգելել են Հովհաննիսյանին վրանից օգտվել, այլ նաեւ սպառնացել են բռնագրավել նրա իրերը, եթե նա Ազատության հրապարակի ձախ կողմից տեղափոխվի աջ կողմ:

«Երեկ երբ մենք հայտնվեցինք Ազատության հրապարակում, այդ հատվածը արդեն մաքրվում էր, թրջվում էր, դրա համար խոնավություն կար այդ կողմում, ցուրտ էր, մենք այս կողմ տեղափոխվեցինք կեսգիշերին եւ այստեղ էր, որ ոստիկանները փորձեցին միջամտել եւ մեր իրերը գրավելու սպառնալիքով թույլ չտալ, որ տեղափոխվենք: Բայց ի վերջ մերոնց բացատրություններից եւ համապատասխան հրահանգները ստանալուց հետո հետ կանգնեցին այդ մտադրությունից», - ասաց Հովհաննիսյանը:

Հարցին, թե իր կարծիքով ոստիկանները ինչո՞ւ չեն թույլատրել վրան տեղադրել, «Ժառանգության» առաջնորդը պատասխանեց. - «Ոստիկանությունը շատ անգամ օգտագործվում է որպես գործիք եւ ինքը զոհ է դառնում իշխանավորների անօրեն հրահանգների: Պարզ է` հանձնարարականների իրականացումը, դրա համար ես կարծում եմ, որ Ազատության հրապարակի ինքնությունը, տեղանքը, լիցքը նաեւ որոշ մարդկանց մտահոգության առարկա կարող է լինել»:

Ոստիկանությունից հրաժարվեցին «Ազատություն» ռադիոկայանին որեւէ մեկնաբանություն տալ, թե ինչ պատճառով է արգելվել Ազատության հրապարակում ընդամենը մեկ վրան տեղադրելու ցանկությունը:

Հովհաննիսյանն ասում է, որ գիշերը իսկապես ցուրտ էր, բայց հարյուրավոր քաղաքացիների այցելությունները ջերմացրեցին իրեն, քանի որ մարդիկ հիմնականում իրենց աջակցությունն են հայտնում, նեցուկ են կանգնում, նաեւ իրենց օրհնությունն են տալիս, սակայն կան նաեւ հակառակ տեսակետներ:

«Եղել են նաեւ նկատողություններ, քննադատություններ, ոմանք կարոտում են իմ բեղը, համարում են, որ երեկ իմ արմատական, հիմնական քայլը ոչ թե հացադուլն է, այլ բեղից ինքնազրկվելը: Մյուսներն ասում են, որ սա տարբերակ չէ, պետք է ուրիշ ձեւով հանդես գա քաղաքացին, ակտիվ գործիչը», - ասաց նա:

Հովհաննիսյանին առավոտյան այցելել են նաեւ Կարմիր խաչի ներկայացուցիչները, հետաքրքրվել են ինքնազգացողությամբ: Սեփական նախաձեռնությամբ Րաֆֆի Հովհաննիսյանին զննել է մայրաքաղաքի թիվ 4 պոլիկլինիկայի բժիշկներից մեկը` արձանագրելով, որ վիճակը բավարար է:

Հարցին, թե արդյո՞ք մասնակցելու է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) վաղվա հանրահավաքին, Հովհաննիսյանն ասաց, թե Ազատության հրապարակից դուրս չի գալու: Նա նաեւ ասաց, թե հացադուլի համար կոնկրետ ժամկետներ չի սահմանել, բայց տրամադրված է երկարատեւ պայքարի: Իշխանությունների հրաժարականի ակնկալիքով հացադուլի նստած Հովհաննիսյանի կարծիքով, իր այս քայլի արդյունքները կկարողա գնահատել առաջիկա օրերին կամ շաբաթներին:

Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի շնորհիվ Ազատության հրապարակը կրկին բազմամարդ է դարձել (2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո այնտեղ ընդդիմադիրներին տարբեր պատճառաբանություններով արգելվել է բողոքի ակցիաներ անցկացնել), քանի որ պարբերաբար նրան են այցելում շարքային քաղաքացիներ, նաեւ ՀԱԿ-ի մաս կազմող ընդդիմադիր գործիչներ, «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները: Այսօր նրան իրանց զորակցությունն են հայտնել Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը, Ազգային ժողովի անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյան եւ այլք:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG