Մատչելիության հղումներ

Փորձագետները տարբեր կարծիքներ ունեն ՀԱԷԿ-ի անվտանգության վերաբերյալ


Ազգային անվտանգության խորհրդի կազմում գործող Ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետ Արամ Թանանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չորեքշաբթի օրը պնդեց, որ Մեծամորի ատոմակայանը ավելի բարձր անվտանգության մակարդակ ունի, քան ճապոնականը:

«Ատոմակայանը կոնստրուկցիոն տեսանկյունից ճապոնականից տարբեր է եւ իր անվտանգության տեսանկյունից ավելի բարձր է: Այստեղ օգտագործվում է այլ մեթոդ: Ճապոնիայում հավանաբար հույսը դրել էին ավելի բարձր աշխատանքային կարգապահության եւ ավելի էժան էներգիա ստանալու վրա», - ասաց Թանանյանը:

Այս կարծիքը չհաստատեց Ատոմակայանի էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանը, ով, սակայն, ասաց, թե Մեծամորի ատոմակայանի անվտանգության մակարդակը բավարար է: Նրա խոսքով` բոլոր ժամանակներում արված հաշվարկները ցույց են տվել, որ ատոմակայանը ունի անհրաժեշտ ամրության պաշար, որպեսզի դիմակայի ուժգին երկրաշարժի:

«Այն հրապարակը, որտեղ կառուցված է ատոմակայանը, ոչ միայն մեր սեյսմոլոգների, այլեւ միջազգային սեյսմոլոգների կողմից գնահատված է որպես 8 բալ», - ասաց Պետրոսյանը:

Ըստ Պետրոսյանի` երկրաշարժ հնարավորության դեպքում ՀԱԷԿ-ը կաշխատի հետեւյալ կերպ. - «Ատոմակայանի բոլոր կարեւորագույն, գլխավոր հանգույցները` ռեակտորը, պարագեներատորը, գլխավոր շրջանառու պոմպերը հատուկ կապված են ճապոնական հիդրոամորտիզատորներով, որոնք սովորական աշխատանքային ռեժիմում թույլ են տալիս նրանց ջերմային ընդարձակումներն ու դինամիկ տատանումները, բայց երկրաշարժի ժամանակ այդ հարվածները վերցնում են իրենց վրա եւ թույլ չեն տալիս տեղից շարժել կարեւոր հանգույցները»:

Էներգետիկայի նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ ատոմակայանի անվտանգության մակարդակը բարձրացնելու միջոցառումների համար վերագործարկումից` 1995 թվականից ի վեր տարբեր երկրների կազմակերպությունների կողմից 130 միլիոն դոլար օժանդակություն է հատկացվել, սեփական միջոցներից ներդրումներ է կատարել նաեւ ՀԱԷԿ-ը: Առաջիկա 1-2 տարիների ընթացքում նախատեսվում է եւս 25 միլիոն դոլարի ներդրում կատարել:

Վահրամ Պետրոսյանի խոսքով` ատոմակայանի վերագործարկումից հետո անվտանգության բարձրացմանն ուղղված ավելի քան 1200 միջոցառում է իրականացվել` Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԵ-ի) պահանջով եւ այդպիսի միջոցառումները շարունակվում են:

Հնարավոր երկրաշարժի դեպքում Հայաստանի ատոմակայանի հուսալիության մասին այս օրերին խոսում են հիմնականում պաշտոնյաները: Նրանք վկայակոչում են մեկ հանգամանք` ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ճապոնիայում անցած շաբաթ տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությամբ երկրաշարժ Հայաստանում ամենայն հավանականությամբ երբեք չի գրանցվի: Մինչդեռ բնապահպանները ահազանգում են, որ Մեծամորի ատոմակայանը երկրաշարժային բեկվածքներին շատ մոտ է գտնվում, իսկ երկրաշարժը անկանխատեսելի է. ժամանակակից տեխնոլոգիաները միայն մոտալուտ երկրաշարժն են կարողանում կանխատեսել:

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը համոզված է, որ ՀԱԷԿ-ը իրենից մեծ վտանգ է ներկայացնում:

«5 երկրաշարժային տեկտոնիկ բեկվածքներ կան, մեկը 34 կմ, մյուսը` 16 կմ, իսկ մյուսը 500 մ հեռավորության վրա է ռեակտորից», - ասաց Սանասարյանը:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը հիշում է, որ Մեծամորը որպես տեղանք ատոմակայանի համար չի ընտրվել, սկզբում այդ տարածքում նախատեսել են արեգակնային էներգիա ստանալ: Ըստ նրա` սեյսմիկ առումով ՀԱԷԿ-ը ամենաանհաջող տեղում է:

Հայաստանի կառավարությունը պատրաստվում էր մինչեւ 2016 թվականը Մեծամորում տեղակայված խորհրդային տիպի ատոմակայանը փոխարինել նոր տիպի ատոմակայանով, որը կհամապատասխաներ անվտանգության արեւմտյան չափանիշներին: Սակայն նոր ատոմակայանի կառուցումը ձգձգվում է, եւ Էներգետիկայի նախարարությունում մտածում են հնի աշխատանքի ժամկետը երկարաձգելու մասին: Նոր ատոմակայանի կյանքի տեւողությունը 60 տարի կլինի, այն կունենա 1200 մեգավատտ հզորություն:

please wait

No media source currently available

0:00 0:05:24 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG