Մատչելիության հղումներ

Ադրբեջանը սպառնում է հարվածել Լեռնային Ղարաբաղ ուղեւորվող օդանավերին


Ստեփանակերտի օդանավակայանի նորակառույց շենքը:

Ստեփանակերտի օդանավակայանի նորակառույց շենքը:

Ադրբեջանը սպառնում է հարվածներ հասցնել Լեռնային Ղարաբաղ ուղեւորվող օդանավերին, եթե Ղարաբաղի իշխանությունները վերաբացեն Ստեփանակերտի օդանավակայանը։ Այդ մասին, ըստ «Ֆրանսպրես»-ի, այսօր հայտարարել է Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչության ղեկավար Արիֆ Մամեդովը։

«Լեռնային Ղարաբաղի օդային տարածքը գտնվում է Ադրբեջանի իշխանությունների տնօրինության տակ, այն փակ է, եւ համաձայն «Ավիացիայի» մասին օրենքի՝ մենք կարող ենք վերացնել օդանավերը, որոնք ուղեւորվում են այդ տարածաշրջան», - հայտարարել է Մամեդովը։

Վերջինիս խոսքով, Ադրբեջանի իշխանությունները տեղեկություններ են ստացել Ստեփանակերտում վերակառուցվող օդանավակայանի մասին, եւ այժմ նախազգուշական միջոցառումներ են ձեռնարկում:

«Մենք դեռեւս անցած տարվա հոկտեմբերին տեղեկացրել ենք Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը, որ դեպի Ստեփանակերտ ուղեւորվող ցանկացած չվերթ անօրինական է, եւ մենք իրավասու ենք ֆիզիկապես ոչնչացնել այդ օդանավերը», - հայտարարել է Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչության ղեկավարը։

Ըստ Մամեդովի, միջազգային կազմակերպությունը խորհուրդ է տվել Բաքվի իշխանություններին «միանալ մի քանի կոնվենցիաների եւ ջանքեր գործադրել՝ հնարավոր բացասական միջադեպերից խուսափելու համար»։

«Պաշտպանության նախարարության հետ հարցը համաձայնեցնելուց հետո մենք երկրորդ նամակը ուղարկեցինք Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը, եւ խորհուրդ տվեցինք միջադեպերից խուսափելու համար հնարավոր հետեւանքների մասին նախապես իրազեկել հակառակորդ կողմին», - ասել է Մամեդովը եւ հավելել, - «մեր տեղեկություններով, կազմակերպությունն արդեն այդ նամակն ուղարկել է Հայաստանի իշխանություններին»։

Լեռնային Ղարաբաղի Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը, մինչդեռ, լուրջ չի վերաբերում այս հայտարարություններին:

«Նրանք այդպիսի լուրեր են տարածում, վախեցնում են: Դա իրենց գործն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ադբաշյանը` շարունակելով. - «Ես նրանց փոխարեն չեմ կարող երաշխիքներ տալ: Նրանք ինչ ասում են, կարող են անել… Մենք քաղաքացիական ավիացիա ենք, իսկ քաղաքացիական ավիացիան քաղաքականությունից դուրս է, ապահովում է մարդկանց ամենամեծ իրավունքներից մեկը: Կարող է մարդը հիվանդ է, ուզում է Ստեփանակերտից Երեւան գնալ` բուժօգնություն ստանալու համար: Ինչո՞ւ այդ մարդիկ պիտի ավելի քիչ իրավունքներ ունենան, քան, ասենք, Ադրբեջանի քաղաքացիները»:

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի նոր օդանավակայանի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Հայտարարվել է, որ առաջին չվերթը կայանալու է մայիսի 9-ին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG