Մատչելիության հղումներ

Եվրոպական հանձնաժողովը ողջունում է Հայաստանում բարեփոխումների ջանքերը


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 15-ին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ:

«Մենք ողջունում ենք Հայաստանի ջանքերը, որոնք ուղղված են առեւտուրն ավելի եռանդուն դարձնելուն, ինչպես նաեւ կառուցվածքային եւ վարչական կարողությունների ուժեղացմանը», - հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Բարոզոն:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, Եվրահանձնաժողովի նախագահը աջակցություն է հայտնել Հայաստանին` տնտեսական բարեփոխումներ իրականացնելու հարցում, ընդգծելով սակայն, որ Հայաստանը պետք է հարգի իր հանձնառությունները` «քանի որ հարաբերություններն ավելի խորացնելու եւ ժողովրդավարական բարեփոխումներն առաջ տանելու անհրաժեշտություն կա»։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային հարցեր, անդրադառնալով, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտությանն ու հայ-թուրքական հարաբերություններին:

Լրագրողների հարցին, թե ինչպես է վերաբերվում ԵՄ-ն հարեւան Հայաստանի հետ փակ սահման ունեցող Թուրքիայի` եվրոպական ընտանիքի անդամ դառնալու նկրտումներին, Բարոզոն պատասխանել է. - «Հաշվի առնելով տնտեսական բլոկադան եւ փակ սահմանները երկու երկրների միջեւ` մենք, անշուշտ, քննարկում ենք Թուրքիայի հետ այս հարցը։ Թուրքիան եւ Հայաստանը պետք է աշխատեն գործընկերության ոգով եւ երկխոսության միջոցով հաղթահարեն դժվարությունները։ ԵՄ-ն ցանկանում է տեսնել ընդհանուր հարեւանության մեջ հարաբերություններ, որոնք ավելի կայուն եւ կառուցողական կլինեն»։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG