Մատչելիության հղումներ

logo-print

Մարտի 16-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ը դավադրություն է բացահայտել. - «Երկար ժամանակ ՀԱԿ-ին չէր հաջողվում վերանվաճել Ազատության հրապարակը, իսկ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլի նպատակով վերանվաճեց այն: Արդյո՞ք «Ժառանգության» առաջնորդի այս «անսպասելի» քայլը պատահական կարելի է համարել, մանավանդ մարտի 17-ին տեղի ունենալիք ՀԱԿ-ի հանրահավաքից առաջ: Բացառված չէ, որ սույն գաղտնի օպերացիան մշակվել է ՀԱԿ-ի գրասենյակում, ինչին մասնակցելու համաձայնություն է տվել «Ժառանգությունը»: Որոշվել է, որ օպերացիայի գլխավոր դերակատարը լինելու է Րաֆֆի Հովհաննիսյանը, դե իսկ վերջինս էլ թեկուզ «զրկանքի գնով» նետվել է առաջ` կատարելու Տեր-Պետրոսյանի հանձնարարականը: Վերջին օրերին ՀԱԿ-ի ներկայացուցիչները արդեն չէին էլ թաքցնում իրենց մտադրությունը: Այն, որ այլեւս հաշվի չեն առնելու քաղաքապետարանի որոշումները եւ մտնելու են հրապարակ: Մնում էր ճշտել հարցի «տեխնիկական կողմը», այսինքն՝ ինչպես, ինչ ձեւով կարող են դա անել: Ահա եւ ձեւը գտան. Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ կհայտարարի` դրա անցկացման համար ընտրելով հրապարակը, մարդիկ խմբերով կգնան նրան տեսնելու եւ... հնարավոր է անգամ այնտեղ հավաքված բազմությունը ժամերով չլքի հրապարակը, եւ անգամ հնարավոր է նույնիսկ մարտի 17-ից ավելի վաղ սկսվի ՀԱԿ-ի հանրահավաքը»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը այլ կարծիքի է հացադուլի մասին. - «Ճի՞շտ վարվեց արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը: Որպես սեփական կուսակցության վարկանիշով մտահոգ առաջնորդ` իհարկե ճիշտ վարվեց: Նոր իմիջով հասարակությանը ներկայանալը, իհարկե, ճիշտ քայլ է, մի քանի օրով համընդհանուր ուշադրության կենտրոնում լինելը` նույնպես, հուզիչ ուղերձով Սերժ Սարգսյանին դիմելը վատ քայլ չէր (որպես կանոն` անկեղծորեն դիմացինին բարոյական արժեքներ քարոզել կարողանում են միայն նրանք, ովքեր իրենք բարձր բարոյականության կրողներ են): Այսինքն` PR ակցիան կարելի է հաջողված համարել: Բայց արդյո՞ք այդ ակցիան որեւէ օգուտ կտա պետությանն ու ժողովրդին: Ո'չ, իհարկե: Րաֆֆի Հովհաննիսյանը նույնիսկ կոնկրետ պահանջներ չի դրել իշխանությունների առջեւ: Կարող էր, չէ՞, գոնե ձեւի համար պահանջել ազատ արձակել քաղբանտարկյալներին: Մյուս կողմից էլ, սակայն, նրա այդ ակցիան բացարձակապես որեւէ կերպ չի վնասում ո'չ համաժողովրդական շարժմանը, ո'չ իշխանություններին»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Ընդդիմության վաղվա հանրահավաքից առաջ իշխանությունը բավական երկակի պահվածք դրսեւորեց: Մի կողմից` Սերժ Սարգսյանը հանդես եկավ Հայ ազգային կոնգրեսին ուղղված ռեւերանսով, իհարկե` ոչ ուղղակի եւ ոչ հենց անվանական Կոնգրեսին ուղղված, բայց բավական թափանցիկ ռեւերանսով, իսկ մյուս կողմից էլ` ոստիկանությունը բավական աղմուկով ձերբակալեց Կոնգրեսի համակիր Սամսոն Խաչատրյանին, ով դրանից օրեր առաջ մամուլին տված իր հարցազրույցում բավական արմատական տրամադրությունների մասին էր խոսել, նաեւ մարտի 17-ի հանրահավաքի համատեքստում: Այդպիսով, իշխանությունը մարտի 17-ից առաջ ընդդիմությանը թե՛ մտրակ, թե՛ կարկանդակ է ցույց տալիս` հստակ հասկացնելով, որ եթե ընդդիմությունը շարունակում է մնալ իր հանրահավաքային արարողակարգի շրջանակում, ապա իշխանությունից կարկանդակ թող սպասի, իսկ եթե փորձի դուրս գալ այդ արարողակարգից, ապա թող սպասի այն, ինչ տեղի ունեցավ Սամսոն Խաչատրյանի հետ: Այդ տեսանկյունից իշխանության պահվածքը կարծես թե որոշակիորեն նոր է: Իշխանությունն ընդդիմության հանրահավաքներից առաջ երբեք այդպես հստակ եւ թափանցիկ մեսիջ չի հղել ընդդիմությանն ու հասարակությանը, այն էլ` նախագահի մակարդակով»:

«Հրապարակ»-ի թղթակիցը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին հարցնում է. - « Իր խոսքում Սերժ Սարգսյանը ընդդիմության գործունեությունը գնահատեց «կոռեկտության սահմաններում»: Սա գովասանքի՞ խոսք էր ընդդիմության հասցեին»: Սարգսյանը պատասխանում է. - «Իմ համոզմամբ՝ դա մարտի 17-ի հանրահավաքին մարդկանց քանակը պակասեցնելուն ուղղված տակտիկական քայլ էր: Իրենք տեսան, որ ճանապարհներ փակելով, ճնշելով չեն կարողանում կասեցնել մարդկանց հոսքը հանրահավաքներ, անցան այլ տակտիկական մեթոդի: Չպետք է մոռանալ, որ Սերժ Սարգսյանն ԱԱԾ նախարար է եղել ու շատ լավ հասկանում է «ազդեցություն» ու «հակազդեցություն» մեթոդները: Եվ փորձեցին ավելի պասիվ մարդկանց քանակը պակասեցնել հանրահավաքից՝ լեգենդ հորինելով, թե իբր իշխանություն-ընդդիմություն հակասությունը մեղմվել է»:

«Կապիտալ»-ի թղթակիցը Դաշնակության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանին հարցնում է. - « Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող բանակցությունները տապալվե՞լ են արդյոք անհայտ ժամկետով» Մանոյանը պատասխանում է. - «Իրականում շատ անհրաժեշտ է ամրագրել այդ գործընթացի տապալված լինելու հանգամանքը։ Կարծում եմ, որ այն իսկապես տապալվել է, սակայն Հայաստանն այսօրվա իր պահվածքով Թուրքիային հնարավորություններ է տվել, որ նա ցանկացած պահի կարողանա նորից վերակենդանացնել հայ-թուրքական արձանագրությունները։ Նույնիսկ վերջերս Վիեննայում Հայաստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ մի օր այդ արձանագրությունները կվավերացվեն։ Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է այսօր այդ արձանագրությունները վերջնականապես հանել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգից՝ հետ կանչել ստորագրությունները։ Աշխարհն այսօր տեսավ, որ այդ ամենի պատասխանատուն Թուրքիան է, և դա բավական է։ Մենք Թուրքիայի հետ կարող ենք բանակցություններ սկսել միայն այն ժամանակ, երբ նա պատրաստ կլինի մեզ հետ երկխոսել առանց նախապայմանների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG