Մատչելիության հղումներ

Ֆուտբոլիստներն արձագանքում են Ճապոնիայի աղետին


Եվրոպայի ֆուտբոլի ֆեդերացիաների միության` ՈԻԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտնել է, որ Եվրոպայի չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի այս շաբաթվա բոլոր ֆուտբոլային հանդիպումների մեկնարկին կհայտարարվի մեկ րոպե լռություն։ Այդպես ֆուտբոլիստները հարգանքի տուրք են մատուցելու Ճապոնիայում բնական աղետից զոհված մարդկանց հիշատակին։

«Եվրոպայի ամբողջ ֆուտբոլային ընտանիքը ոտքի է կանգնելու, մենք մեր ցավակցությունն ու լիակատար աջակցությունն ենք հայտնում Ճապոնիայի ժողովրդին, մաղթում ենք ապաքինում եւ ուժ` հաղթահարելու աղետի բերած դժվարությունները»,- երեկ հայտարարել է Պլատինին։

DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, լռության րոպե կհայտարարվի ոչ միայն Չեմպիոնների լիգայի չորս եւ Եվրոպայի լիգայի ութ հանդիպումներում, այլեւ կանանց Չեմպիոնների լիգայի մեկ քառորդի խաղերի մեկնարկին։

Ճապոնիայի ողբերգությունը անմիջական ազդեցություն է գործել մարզական աշխարհի վրա։ Գեղասահքի միջազգային ֆեդերացիան չեղյալ հայտարարել ոչ միայն Տոկիոյում մարտի 21-ից 27-ը նախատեսված աշխարհի առաջնությունն, այլեւ աշխարհի գավաթի անցկացումը, որը նախատեսված էր ապրիլի 14-ից17-ը Յոկոհամայում։

Ֆեդերացիայի նախագահ Օտավիո Չինկուատան եւ գլխավոր տնօրեն Ֆրեդի Շմիդթը ասել են, որ այդ որոշումը կայացրել են խնդիրը տարբեր երկրների գեղասահքի ֆեդերացիաների հետ քննարկելու արդյունքում։ Այդ մրցումների անցկացման նոր վայրի եւ ժամկետի մասին տեղեկություններ դեռեւս չկան։

Ակնհայտ է, որ ստեղծված պայմաններում Ճապոնիայում առաջիկայում չի հաջողվի լիարժեք մրցումներ անցկացնել։ Ավտոմոբիլային մրցումների` «Մոթոր Գրան Պրիի» ճապոնական փուլը, որը նախատեսված էր ապրիլին, նույնպես հետաձգվում է։

«Գրան Պրին» մեկնարկում է այս շաբաթավերջին Քաթարում, ճապոնական փուլը սկսվելու էր ապրիլի 24-ին, սակայն Մոտոսպորտի միջազգային ֆեդերացիան երեկ հայտնել է, որ մրցումները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան այս տարվա երկրորդ կեսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG