Մատչելիության հղումներ

logo-print

Մարտի 15-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Եվ այսպես, Սերժ Սարգսյանն օգտագործեց առիթը եւ ծաղկաձորյան իր ելույթով փաստորեն պատասխանեց Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքում առաջ քաշված 15 պահանջներին: Ընդ որում` առիթը գուցեեւ այնքան էլ հարմար չէր, բայց ժամկետները «խեղդում էին». նա պարտավոր էր պատասխանել մինչեւ մարտի 15-ը: Նրա պատասխանի առաջին «մեսիջն» ուղղված էր իր իսկ տաքգլուխ թիմակիցներին, ովքեր այդ հանրահավաքից հետո շտապել էին հոխորտալ, թե բանի տեղ չեն դնելու Կոնգրեսի պահանջները, թե իրենց հետ չի կարելի վերջնագրերով խոսել եւ այլն: Սերժ Սարգսյանի խոսքում նման շեշտադրումներ չկային: Իսկ ահա ընդդիմությանն ուղղված նրա «մեսիջի» իմաստը մոտավորապես հետեւյալն էր. «Ինչ որ ասում եք` ճիշտ եք ասում ու տեղին եք ասում, բայց ախպոր նման` ինձ խայտառակ մի արեք ու վրաս սռոկ մի դրեք, երկրի վիճակը լավ չի: Համ էլ` ինչ ասում եք, կամաց-կամաց անում եմ, ինչի՞ եք վռազում»:

«Ժամանակ»-ի խմբագրականի ուշադրության կենտրոնում եւս Սերժ Սարգսյանի Ծաղկաձորում ունեցած ելույթն է: «Եթե հանրագումարի բերենք այն, ինչ նախորդ շաբաթավերջին` մարտի 11-ին եւ 12-ին, հայտարարեց Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում եւ Ծաղկաձորում, ապա կարող ենք, թերեւս, եզրակացնել, որ իշխանությունը որոշակիորեն ընդունել է այն քաղաքական օրակարգը, որ մարտի 1-ի հանրահավաքում իշխանությանը 15-կետանոց պահանջների տեսքով ներկայացրեց Հայ ազգային կոնգրեսը: Ինչ խոսք, Կոնգրեսի պահանջները բավական հստակ էին ու կոնկրետ, իսկ Սերժ Սարգսյանի անդրադարձները` բավական ընդհանրական եւ նույնիսկ ինչ-որ տեղ կիսատ, քանի որ նա որեւէ կերպ չհիշատակեց քաղբանտարկյալների եւ մարտի 1-ի մասին, բայց այն, որ Սերժ Սարգսյանն արձագանքում է ընդդիմությանը, դա արդեն իսկ ինքնին հետաքրքրական է», - գնահատում է «ժամանակ» օրաթերթը:

«Հայոց Աշխարհ»-ը, մինչդեռ, այսպես է ձեւակերպում ներքաղաքական վերջին զարգացումները. - «Հայրենի ընդդիմության արմատական ճամբարում այս օրերին «նախահեղափոխական» եռուզեռ է։ ՀԱԿ «մարզչական շտաբը» ակտիվորեն պատրաստվում է մարտի 17-ին։ Չենք նշում՝ «մարտի 17-ի հանրահավաքին», քանզի ընդհանրության մեջ դիտելով ՀԱԿ-ՀՀՇ-ի տարբեր մակարդակի ներկայացուցիչների ելույթները, քայլերն ու գործողությունները, հանգում ես այն կարծիքին, որ նրանք պատրաստվում են ընդհարման կամ առնվազն խժդժություններ հրահրելու, այլ ոչ թե հերթական հանրահավաքի»:

«Առավոտ»-ի խմագիրը մեկնաբանում է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլիի վարքագիծն ու զուգահեռներ տանում հայաստանյան իրականության հետ: Քրոուլին, հիշեցնենք, քննադատել էր Պենտագոնին` «Վիքիլիքս»-ին տվյալներ փոխանցելու մեղադրանքով կալանավորված զինծառայող Բրեդլի Մենինգին խոշտանգելու համար, ինչից անմիջապես հետո հրաժարական էր ներկայացնել: Թերթն այս կապակցությամբ գրում է. - «Լավ է, երբ մարդու համար պաշտոնը պակաս կարեւոր է, քան արժանապատվությունը: Հատկապես լավ է, երբ պաշտոնն ու բիզնեսը փոխկապակցված չեն, եւ մարդը իր տեսակետն արտահայտելուց չի վախենում, որ իրեն ինչ-որ բանից ապօրինի կզրկեն: Դրանով է հասուն երկիրը տարբերվում տհաս երկրից` մարդկանց համապատասխան մտածելակերպով եւ վարքագծով: Երբ որեւէ պաշտոնյայի կամ իշխանամետ պատգամավորի հարցնում ես` «կա՞ն Հայաստանում քաղբանտարկյալներ», «ինչո՞ւ չեն բացահայտվել մարտի 1-ի սպանությունները», կամ` «ինչո՞ւ են ոստիկանները ցույցերի ժամանակ իրենց պահում խուլիգանների նման», զրուցակիցդ իսկույն կծկվում է, մտնում է իր պատյանի մեջ, եւ դու սկսում ես նրա փոխարեն քեզ վատ զգալ` տեսնելով, որ այդ մարդը ստիպված է ստել: Նա կարող է «Բենթլի»-ներ կամ սափրագլուխ թիկնազոր պահել , նույնիսկ կարող է արտաքնապես ահարկու տեսք ունենալ, բայց նրա ներքուստ կուչ եկած վիճակը երեւում է անգամ անզեն աչքով»:

«Երկիր» թերթը խմբագրականում գրում է. - «Ճապոնիան ստեղծել էր երկրաշարժերին դիմակայելու ամենաարդյունավետ տեխնոլոգիաները, ճգնաժամային կառավարման եւ ազգաբնակչության քարոզչության ամենաօրինակելի համակարգերը: Սակայն նման պատրաստվածության մակարդակ ապահոված երկիրն այսօր ենթարկվել է նախադեպը չունեցող աղետի: Եվ վստահաբար կարելի արձանագրել, որ միայն այդ պատրաստվածության շնորհիվ ճապոնացիները կարողացած խուսափել անհամեմատ մեծ թվով մարդկային զոհերից: Իսկ որքանո՞վ ենք մենք, որպես պետություն եւ որպես հասարակություն, լուրջ վերաբերում այս վտանգին` աչքի առաջ ունենալով 23 տարվա վաղեմության հզոր երկրաշարժը, որից մինչեւ հիմա ուշքի չենք եկել: Դպրոցականների, ուսանողների եւ ընդհանրապես քաղաքացիների մեծ մասը չեն տիրապետում երկրաշարժի ժամանակ պաշտպանվելու տարրական կանոններին: Շենքեր ու շինություններ են հանձնվում շահագործման` առանց սեյսմակայունության լուրջ փորձաքննություն անցնելու: Իսկ հանրային քարոզչության ամենակարեւոր միջոցը` հեռուստատեսությունը, վերածվել է օճառային օպերաների ինկուբատորի եւ ուղեղների լվացքի մեքենայի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG