Մատչելիության հղումներ

«Ժառանգությունը» բաց համաժողով է հրավիրել


«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները Ազգյաին ժողովում, արխիվ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները Ազգյաին ժողովում, արխիվ
«Ժառանգություն» կուսակցությունը երեքշաբթի օրը բաց համաժողով է հրավիրել, որը տեղի կունենա Համազգային թատրոնում:

«Կուսակցությունը թեւակոխել է նոր փուլ: Երկրում ստեղծված իրավիճակը համարում ենք արտահերթ, արտառոց, եւ [կուսակցության առաջնորդ] Րաֆֆի Հովհաննիսյանը իր ելույթում կանդրադառնա ավելի հստակ անելիքներին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Փետրվարի 28-ին խորհրդարանի հերթական քառօրյա նիստերի մեկնարկին «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես էր եկել Հայաստանի իշխանությունների եւ իշխող կոալիցիայի հասցեին քննադատությամբ, որից հետո կուսակցության պատգամավորները բոյկոտեցին Ազգային ժողովի նիստի աշխատանքները:

Կիրակի օրը` մարտի 13-ին, «Ժառանգությունը» խորհրդի ընդլայնված նիստ անցկացրեց, որի նպատակն էր ճշգրտել կուսակցության հետագա անելիքները:

Նիստից հետո տարածված հաղորդագրությամբ «Ժառանգություն»-ը հայտարարել է, որ «հնարավոր բոլոր եղանակներով` Ազգային ժողովի ամբիոնից մինչեւ հրապարակ, շարունակելու է պայքարը հանրապետության ամբողջ իշխանության օրինական ու արտահերթ նորովի ձեւավորման համար»:

Կուսակցությունը նաեւ 20 կետից բաղկացած առաջնահերթություններ է սահմանել ձեւավորվելիք «նոր` Սահմանադրության, իրավունքի գերակայության ու ազգային կենսական շահերի վրա խարսխված իշխանության» համար:

«Մեր պահանջների հասցեատերը այն նոր իշխանությունն է, որը պետք է լուծում տա այս խնդիրներին, որոնց լուծում չի տվել ներկայիս իշխանությունը», - այս առիթով ասաց Սաֆարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG