Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանը մտադիր է ավելի ակտիվորեն մասնակցել ոստիկանական համակարգի փոփոխությունների գործընթացին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի օրը մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստին, որի ընթացքում, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հաշվետվություն է ներկայացրել Հայաստանում հանցավորության դեմ տարվող պայքարի եւ հասարակական կարգի ապահովման վիճակի մասին, իսկ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը զեկուցել է ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011թթ. բարեփոխումների ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի մասին:

Ներկայացված հաշվետվությունների կապակցությամբ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. - «Բավականաչափ աշխատանք է կատարված իրավական, նորմատիվ դաշտի կատարելագործման ուղղությամբ, բայց ժամանակն է արդեն տեսանելի լուրջ արդյունքներ ունենալ գործնական հարթությունում, կյանքում, որպեսզի ե՛ւ մենք տեսնենք, ե՛ւ դուք տեսնեք, ե՛ւ մեր հասարակությունը տեսնի»:

Նախագահը հավելել է, որ պատրաստվում է շատ ավելի ակտիվորեն մասնակցել ոստիկանական համակարգի փոփոխությունների գործընթացին:

«Պատրաստվում եմ ամենօրյա ռեժիմով աջակցել փոփոխություններին խոչընդոտող խնդիրների լուծմանը, սատարել դրական զարգացումներին, կանգնել սրտացավ գործող ոստիկանի կողքին, օժանդակել պրոֆեսիոնալ եւ գործին նվիրված կադրերի առաջխաղացմանը: Միասին մենք ավելի ակտիվ գործելու ենք նոր հնարավորությունների ստեղծման, միջոցների հայթայթման, տեխնիկական հագեցվածության բարձրացման, պրոֆեսիոնալ խմբերի ավելի արագ կայացման եւ այլ ուղղություններով»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG