Մատչելիության հղումներ

Ֆուկուշիմայի 3-րդ ռեակտորի սառեցումն էլ է խափանվել


Սարսափելի երկրաշարժից եւ ցունամիից հետո Ճապոնիայում այսօր ամենաբարդ խնդիրը ատոմակայանների անվտանգությունն է։

Տոկիայից 240 կիլոմետր հյուսիս գտնվող Ֆուկուշիմայի ատոմակայանի
երրորդ ռեակտորի սառեցման համակարգի աշխատանքը կանգ է առել։ Ավելի վաղ նույնպիսի վիճակ է առաջացել առաջին եւ երկրորդ ռեակտորներում, որտեղ տեղի են ունեցել պայթյուններ։

Միջուկային նյութի արտաժայթքում չի արձանագրվել։ Ըստ մասնագետների, երկրորդ ռեակտորում նոր հուժկու պայթյունն անհավանական է։ Ռեակտորների միջուկները պաշտպանող գերամուր բետոնից եւ երկաթից կառուցված կափարիչները դիմացել է պայթյուններին։

Իշխանությունները ատոմակայանին հարող տարածքներից տարհանել են հարյուր հազարավոր մարդկանց։ Լրատվական գործակալությունները ընդգծում են, որ երկրաշարժի առաջին իսկ վայրկյաններից բոլոր ռեակտորների աշխատանքը մեխանիկորեն դադարեցվել է, միջուկային պայթյուն որպես այդպիսին հնարավոր չէ. ռեակտորների սրահներում շիկացած գազն է պայթել։

Կառավարության քարտուղար Յուկիո Էդանոն ասել է, որ ամենայն հավանականությամբ, պայթյունը տեղի է ունեցել այն պատճառով, որ դիզելային գեներատորների շարքից դուրս գալուց հետո սառեցման համակարգի աշխատանքն ապահովել են մարտկոցները, որոնք աստիճանաբար լիցքաթափվել են։

Կայանի անձնակազմը ծովի ջուրն է ուղղել ռեակտորի սրահ` այդ հուսահատ քայլով փորձելով գոնե մասամբ սառեցնել հետզհետե շիկացող ռեակտորը։

Այս պահին լրատվական գործակալությունները հայտնում են, որ միջուկային կառավարվող ռեակցիան ապահովող միջուկային ձողերը հալվում են, ինչը իսկապես կարող է ծանրագույն աղետի հանգեցնել։

Այսօրվա դրությամբ հայտնի է աղետի մոտ 2 հազար զոհերի մասին, ենթադրվում է, որ այդ թիվը կհասնի 2800-ի: Նշենք, նաեւ, որ շուրջ 18 հազար մարդ այս պահին համարվում է անհետ կորած։

Ամբողջ աշխարհն այս օրերին աջակցում է Ճապոնիային։ Վարչապետ Նաոտո Կանն ասել է, որ Ճապոնիան վերապրում է ծանրագույն աղետը երկրորդ աշխարհամարտից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG