Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը կարծում է, որ ՀԱԿ-ը հակված կլիներ նախագահ Սերժ Սարգսյանի` ընդդիմության հասցեին արված գնահատականները դրական ազդանշան համարելու, անգամ ինչ-որ քայլեր անելու պատրաստակամության նշաններ տեսնելու, եթե չձերբակալվեր ՀԱԿ ակտիվիստ Սամսոն Խաչատրյանը:

Մարտի 12-ին Ծաղկաձորում, պատասխանելով լրագրողների հարցերին, Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել էր, թե քաղաքական գործընթացները ճիշտ ճանապարհով են գնում եւ գոհունակություն էր հայտնել ընդդիմության կազմակերպած հանրահավաքների կապակցությամբ:

«Անցնում են հանրահավաքներ, անցնում են կոռեկտության սահմաններում, եւ ճիշտ ճանապարհը դա է: Կարծում եմ, որ ե'ւ իշխանությունները, ե'ւ ընդդիմադիրները ճիշտ հետեւություններ պետք է անեն անցյալի սխալներից, որպեսզի դրանք չկրկնվեն: Ասածս որպես ռեւերանս չընդունեք, բայց, փառք աստծո, շատ պարագաներում ե'ւ այս կողմում ե'ւ այն կողմում կան մարդիկ, ովքեր ունեն մեծ փորձ, ովքեր կարող են տեսնել այն սահմանը, որը կա հայրենիքի, պետականության, ազգային խնդիրների եւ քաղաքական նկրտումների միջեւ», - ասել էր նախագահը:

Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իշխանությունների «խոսքը գործի հետ չի զուգորդվում, որ նորից շարունակվում է ոստիկանության լկտի կեցվածքը, սադրանքները»:

Զուրաբյանի համոզմամբ` Սամսոն Խաչատրյանի ձերբակալությունը առաջին հերթին ցույց է տալիս ռեժիմի խուճապահար վիճակը, որի համար պատճառ են հանդիսացել ընդդիմության մարտի 1-ին տեղի ունեցած եւ մարտի 17-ին կայանալիք հանրահավաքները:

«Բոլոր իրենց հասանելի աղբյուրներով ստանում են ինֆորմացիա, որ մարտի 17-ի մեր հանրահավաքը լինելու է շատ ավելի հզոր, շատ ավելի վճռական, ուստի փորձում են ինչ-որ հուսահատական, ռեպրեսիվ ձղաձգություններով կոտրել այն վճռականությունը, այն ոգին, որ ձեւավորվել է մեր ժողովրդի մեջ», - ասաց Զուրաբյանը:

Սերժ Սարգսյանը նաեւ պատրաստակամություն էր հայտնել լսել իշխանության հասցեին արված քննադատությունները եւ առաջարկությունները` «միայն թե դրանք ուղղված լինեն կոնկրետ խնդիրների լուծմանը, իրատեսական լինեն»:

Ի պատասխան այս հայտարարությանը` Զուրաբյանը ասաց. - «Մեզ պետք են քայլեր, եւ եթե քայլեր չլինեն, ուրեմն անհրաժեշտ բոլոր հետեւությունները մենք կանենք»:

Մարտի 17-ի հանրահավաքին մնացել է 3 օրը, եւ մինեւ այժմ մարտի 1-ին ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մեկ տասնյակից ավելի պահանջներից որեւէ մեկը կատարված չէ: Հարցին, թե արդյո՞ք ժամանակը չէ արձանագրել, որ իրենց պահանջները չեն կատարվում, ՀԱԿ համակարգողը պատասխանեց. - «Ես կարող եմ արձանագրել, բայց նախ մարտի 17-ին դեռ ժամանակ կա եւ երկրորդը` իր վճիռը, այնուամենայնիվ, պետք է կատարի ժողովուրդը: Ի վերջո Տեր-Պետրոսյանի հայտարարության մեջ խոսք գնաց այն մասին, որ այսուհետեւ ձեւավորվելու է ժողովրդի ինքնակառավարման մի ֆորում, որը ինքն է որոշումներ ընդունելու»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG