Մատչելիության հղումներ

«Ժողովրդական հեռուստատեսության» ծրագրերը կհեռարձակի «Ա1+»-ը


«Ժողովրդական հեռուստատեսության» հոգաբարձուների խորհրդի անդմաների մամուլի ասուլիսը: 14-ը մարտի, 2011թ.

«Ժողովրդական հեռուստատեսության» հոգաբարձուների խորհրդի անդմաների մամուլի ասուլիսը: 14-ը մարտի, 2011թ.

«Ժողովրդական հեռուստատեսության» հոգաբարձուների խորհուրդը, որում ընգրկված են իրավապաշտպաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական գործունեության զբաղվող անձինք, առաջարկել է նախաձեռնության ծրագրերն ընդգրկել «Ա1+»-ի եթերում:

«Ժողովրդական հեռուստատեսությունը» նպատակ ունի իրականացնել ժողովրդի միակ` անաչառ լրատվություն ապահովելու պահանջը: Հեռուստատեսության մեկնարկը կարող է տրվել առաջիկա մեկ տարվա ընթացքում: Ծրագրի հայեցակարգը կներկայացվի առաջիկայում, իսկ մինչ այդ դրանց մոտավոր նկարագիրը երկուշաբթի օրը հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրեց Մշակույթի նախկին փոխնախարար, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախկին անդամ Կարինե Խոդիկյանը:

«Պատկերացնենք, որ «Ա1+»-ը հեռարձակվելու է օրվա մեջ 10 ժամ: Այդ 10 ժամվա մեջ «Ժողովրդական հեռուստատեսության» ծրագիրը կարող է լինել, ասենք, 3 ժամ: Եվ այդ ծրագիրը, երբ կհեռարձակվի, կունենա հատուկ լոգո», - նշեց Խոդիկյանը:

Հոգաբարձուների խորհրդի մեկ այլ անդամ` Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ասաց. - «Հաղորդումները, որոնք համապատասխանում են այսօրվա Հայաստանի հասարակական կյանքին, պետք է հնարավորինս տեղ գտնեն «Ա1+»-ի եթերում` լինի դա ինտերնետային եթեր, թե արբանյակով հեռարձակվող բովանդակություն»:

«Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանն ասաց, որ ինքը «ուրախ է մասնակցել էքսպերիմենտին»: Նա նաեւ Հոգաբարձուների խորհրդին ծրագիր է ներկայացրել ինտերնետային, արբանյակային հեռարձակում սկսելու վերաբերյալ:

Քանի որ այդ ծրագրի իրականացումը բավականին ծախսատար է, հայտարարվեց, որ «ժողովրդական հեռուստատեսություն» նախաձեռնությունը շարունակում է դրամահավաքը:

Անցած տարի մինչեւ կապուղիների մրցույթների անցկացումը, որին մասնակցեց նաեւ «Ա1+»-ը եւ հեռարձակման իրավունք չստացավ, հեռուստաընկերության վերաբացմանը նպաստելու համար ստեղծված «ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը հաշվեհամար էր բացել` նպատակ ունենալով խորհրդանշանակ դրամահավաք անցկացնել ժողովրդի շրջանում` ստուգելու «Ա1+»-ի վերաբացման հասարակական պահանջը:

Այսօր, մինչդեռ, ասվում է, որ կարեւոր է նաեւ գումարը, քանի որ ծրագրերի իրականացումը ռեսուրսներ է պահանջում:

«Այն գումարները, որ հիմա կհավաքվեն, կգնան նոր ծրագրեր պատրաստելու համար», - ասաց Հոգաբարձուների խորհրդի անդամներից Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը` շարունակելով. - «Որովհետեւ միանգամից այդ լայնամասշտաբ ծրագիրը դժվար է իրականացնել: Կարծում ենք, որ ի վերջո այդ գլխավոր նպատակը` արբանյակային հեռարձակմամբ բոլոր ծրագրերը ներկայացնելու, իրականություն կդառնա»:

Մեսրոպ Մովսեսյանի տեղեկացմամբ, մինչեւ այժմ դրամահավաքին մասնակցել է 30 հազար մարդ. - «Հավաքվել է 1 միլիոն 250 հազար դրամ, 5410 դոլար, 110 եվրո»:

Ասուլիսի բանախոսները հայտարարեցին, որ «ժողովրդական հեռուստատեսություն» նախաձեռնությունը բաց է առաջարկություններ ընդունելու, դրանք ուսումնասիրելու համար:

«Այն, որ մենք այսօր զրկված ենք այդ բազմակարծությունը իր գեղեցկության մեջ ներկայացնելու [հնարավորությունից]` սա է խնդիրը», - նշեց Հոգաբարձուների խորհրդի անդամներից «ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից (ՀՌԱՀ), մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ արբանյակային հեռարձակում կարող են իրականացնել միայն արտոնագրված հեռուստաընկերությունները, իսկ ինտերնետային հեռարձակման հետ կապված սահմանափակումներ չկան:

Անցած տարեվերջին Մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարությամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամ` «Ինտերնյուս»-ի ղեկավար Նունե Սարգսյանը այսօր հույս հայտնեց, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում` խմբի մշակելիք փոփոխությունների արդյունքում օրենքը կազատականացվի, մասնավորապես, արբանյակային հեռարձակման մասով, որպեսզի նման հեռարձակում իրականացնելու համար արտոնագրի առկայությունը պարտադիր չլինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG