Մատչելիության հղումներ

Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հարավային Կովկասի երկրներ


ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Ադրոնիուս Աժուբալիս

ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Ադրոնիուս Աժուբալիս

Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Ադրոնիուս Աժուբալիսի տարածաշրջանային այցը Հարավային Կովկասի երկրներ:

Այսօր Բաքվում Աժուբալիսը հանդիպելու է Ադրբեջանի նախագահի, արտաքին գործերի նախարարի հետ։

Օդանավակայանում ԵԱՀԿ-ի գործող նախագահը լրագրողներին ասել է, որ իր այցելության ընթացքում քննարկելու է մի շարք հարցեր, այդ թվում` տարածաշրջանում կայունությանը, անվտանգությանն ու համագործակցությանն առնչվող խնդիրները:

Ադրբեջանցի լրագրողները նրան հարց են ուղղել վերջերս ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում 9-ամյա Ֆարիզ Բադալովի զովելու միջադեպի մասին։

Աժուբալիսն ասել է, թե այդ փաստը եւս մեկ անգամ ապացուցում է, որ դիպուկահարները պետք է հեռացվեն շփման գծից:

Այս միջադեպի կապակցությամբ կիրակի օրը համատեղ հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունները: Ղարաբաղը հերքում է Ադրբեջանի մեղադրանքները, կասկածի տակ առնելով Ֆարիզ Բադալովի մահվան հանգամանքները, չբացառելով, նաեւ երեխան զոհվել է ադրբեջանցիների դիրքերից արձակված կրակից։

«Ցավոք, Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը չի խորշում եւ ոչ մի մեթոդից` շահարկելով անգամ երեխաների կյանքն ու մահը», - ասված է ղարաբաղյան կողմի հայտարարության մեջ:

Ղարաբաղի պաշտպանության նախարարության ու արտգործնախարարության համատեղ հայտարարույթունում նաեւ նշված է, որ ամեն անգամ պետությունների ղեկավարների հանդիպումներից հետո կամ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցից առաջ ադրբեջանական քարոզչամեքենան թեժացնում է լարվածությունը շփման գծում:

«Հերթական օրինակ է դարձել ս.թ. մարտի 10-ին ադրբեջանական կողմի գնդակոծության հետեւանքով Լեռնայի Ղարաբաղի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Արթուր Աղաբաբյանի մահը: Ընդ որում, միջադեպը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ դիտարկումից անմիջապես հետո: Դա վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների` մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ խախտում է», - արձանագրում է ղարաբաղյան կողմը։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ի գործող նախագահի այցելությանը` մարտի 15-16-ը նա կլինի Վրաստանում, իսկ մարտի 17-18-ը կայցելի Հայաստան։ ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ հանդիպումներ են նախատեսված Ադրբեջանի, Վրաստանի ու Հայաստանի նախագահների, վարչապետերի, արտգործնախարարների, քաղաքական ուժերի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Հաղորդագրությունում նշված է, որ ԵԱՀԿ տարածքում ձգձգվող հակամարտությունների, մասնավորապես` ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջընթացը Լիտվայի ԵԱՀԿ նախագահության առաջնային խնդիրներից է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG