Մատչելիության հղումներ

Անհատ տաքսու վարորդները բողոքում են քաղաքապետարանի նոր որոշման դեմ


Երեւանի քաղաքապետարան
Երեւանի քաղաքապետարան
Անհատ ձեռներեց հանդիսացող երեւանյան տաքսու վարորդները բողոքում են: Նրանց ներկայացմամբ, վերջին մի քանի օրերին Երեւանի քաղաքապետարանը տաքսի մեքենաների համար նախատեսված ու քաղաքի տարբեր հատվածներում գտնվող մոտ 50 կայանատեղիները վարձակալության է հանձնել ինչ-որ ընկերությունների, որոնք վճար են սահմանել անգամ նախկինում անվճար կայանատեղիների համար, ընդ որում` օրավարձը թանկացել է 2-3 անգամ` հասնելով 500 դրամի:

«Տաքսու գործունեության բնույթը հետեւյալն է` եթե նա, ասենք, Ռոսիայում վճարեց 500 դրամ օրավարձ, եւ հաճախորդի հետ ուղեւորվեց Կոմիտաս, հետո նա պետք է ստիպված լինի դատարկ վերադառնալ Ռոսիա, որտեղ կայանատեղիի համար օրավարձ է վճարել, կամ դիրքավորվի Կոմիտասում հատկացված որեւէ կայանատեղիում` նորից վճարելով 500 դրամ: Օրվա մեջ քանի՞ անգամ այդ մարդը այդ 500 դրամները վճարի», - հարցնում է «Վարորդ-ոստիկան համագործակցություն» հասարակական կազմակերպության համանախագահ Գեւորգ Դոստուրյանը:

Բողոքող տաքսու վարորդների խոսքով, իրենց թիվը հասնում է մի քանի հարյուրի: Վարորդները պնդում են, որ քաղաքապետարանի այս նախաձեռնության հետեւանքով իրենք հայտնվել են անելանելի վիճակում:

«Օրական մեկ-երկու անգամ կանգնելու համար ես 500 դրամ որտեղի՞ց տամ», - դժգոհում էր վարորդներից մեկը:

Մեկ այլ վարորդ էլ պարզաբանում էր. - «Մայթերի մոտ կանգնես` ԳԱՅ-ին կբռնի, այնտեղ կանգնես` պիտի փողը մուծես: Մնում է թողնես-փախնես, կամ մի պարան վերցնես` կախվես»:

Առաջացել է մեկ այլ խնդիր. կայանատեղիները վարձակալության են տրվել նաեւ տաքսի ծառայություններին, որոնց ներկայացուցիչները այլ տաքսիստների արգելում են կայանել իրենց վարձակալած կայանատեղիում: «Վարորդ-ոստիկան համագործակցություն» կազմակերպության ներկայացուցչի խոսքով Երեւանի «լավ կայանատեղիները» վերցրել են այն տաքսի-ծառայությունները, որոնց տերերը, Դոստուրյանի ձեւակերպմամբ` «թափով մարդիկ են»:

«Ամբողջ տարածքը իրենց մեքենաներն են կանգնեցնում: Z-երը, «Միլենարին» վաղուց իրենց մեքենաները 20-30 հատ կանգնեցրել են, գարաժ են սարքել իրենց համար», - ասում է անհատ տաքսու վարորդների շահերի պաշտպանության զբաղվող կազմակերպության համանախագահը ու հավելում` պարզ չէ, թե արդյոք մրցույթներ հայտարարվե՞լ են կայանատեղիների համար:

Ըստ Գեւորգ Դոստուրյանի, իրենց բողոքը հայտնելու համար «հազիվ մի կերպ հեռախոսով կապվել են» քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ շաբաթ հանդիպելու վերաբերյալ:

«Ինձ թվում է` իրենք էլ հասկանում են, որ դա այնքան էլ ճիշտ չէ: Եթե քաղաքապետարանը այդքան կարիք ունի կայանատեղիների համար գումարներ հավաքելու, թող հայտարարեն հաշվեհամար` ամսեկան 5000 կամ 6000 դրամ վարորդը փոխանցի` իրավունք ունենա օգտվել քաղաքում գտնվող բոլոր 48-50 կայանատեղիներից», - քաղաքապետարանին ուղղված վարորդների առաջարկը ձեւակերպեց Գեւորգ Դոստուրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG