Մատչելիության հղումներ

Պայթյուն Ճապոնիայի «Ֆուկուսիմա–1» ատոմակայանում


Մարտի 12–ին սպիտակ ծխի արտաժայթքում տեղի ունեցավ Ճապոնիայի երկրաշարժից տուժած «Ֆուկուսիմա–1» ԱԷԿ–ում։

Վերջին տվյալներով, պայթել է ատոմակայանի ռեակտորի սառեցման համար օգտագործվող գազը։ ԱԷԿ–ի օպերատոր հանդիսացող Տոկիոյի էներգոընկերության տարածած հաղորդագրության համաձայն, պայթյունից չորս մարդ է վիրավորվել։

Մասնագետներին հաջողվել է իջեցնել ռեակտորի ճնշումը եւ դուրս հանել այնտեղ կուտակված գազի մի մասը։

Նախքան պայթյունը՝ մարտի 12–ի առավոտյան, մասնագետների ունեցած տվյալներով ռեակտորի ներսում ճնշումը կրկնակի գերազանցել է սահմանված ցուցանիշները։ Ավելին՝ «Ֆուկուսիմա–1» ռեակտորի ղեկավարման սրահում ռադիացիայի մակարդակը 1000 անգամ բարձր է նորմայից, իսկ ԱԷԿ–ի մուտքի մոտ ռադիացիան նորմայից բարձր է 70 անգամ։

Ճապոնական NHK հեռուստաընկերությունը ցույց է տվել ԱԷԿ–ի լուսանկարը պայթյունից հետո, որից պարզ է դառնում, որ ատոմակայանի բլոկերից մեկի արտաքին պատը վնասված է։

Լուրջ խնդիրներ են առաջացել նաեւ հարեւան «Ֆուկուսիմա–2» ԱԷԿ–ում, որտեղ նույնպես ռեակտորի կենտրոնական մասի հովացման համակարգը թերի է աշխատում, ջրի ջերմաստիճանը 100 աստիճանից բարձր է։

Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են, որ «Ֆուկուսիմա–1» եւ «Ֆուկուսիմա–2» ԱԷԿ–երին հարող տարածքից՝ 20 կիլոմետր շառավղով, էվակուացվելու է շուրջ 80 հազար մարդ։

Ճապոնական «Կիոդո» գործակալությունը հաղորդում է, որ ԱԷԿ–ի առաջին բլոկի մոտ ռադիոակտիվ ցեզիում է հայտնաբերվել, ինչը նշանակում է, որ ռեակտորի հովացման համակարգի շարքից դուրս գալու հետեւանքով ռեակտորի ներսում սկսել է հալվել միջուկային վառելիքը։

Մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի ու դրան հաջորդած ցունամիի հետեւանքով զոհերի թիվը ավելանում է, արդեն հաղորդվում է հազարից ավելի զոհերի մասին։ Պաշտոնական տվյալներով անհայտ կորած է համարվում 1600 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG