Մատչելիության հղումներ

Նախագահը «համարձակ քայլեր» է ակնկալում Կառավարությունից


Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացնում տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների անցկացնում վերաբերյալ: 11-ը մարտի, 2011թ.

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացնում տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների անցկացնում վերաբերյալ: 11-ը մարտի, 2011թ.

Ուրբաթ օրը նախագահ Սերժ Սարգսյանը անցկացրել է խորհրդակցություն` տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների վերաբերյալ:

Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Էկոնոմիկայի, Ֆինանսների, Գյուղատնտեսության, Էներգետիկայի եւ բնական պաշարների, Քաղաքաշինության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարները, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Խորհրդակցության ընթացքում Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր դիտարկումները տնտեսության հիմնական ճյուղերում իրականացվող քաղաքականության վերաբերյալ, հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

Սերժ Սարգսյանը շեշտել է, որ նախատեսված որեւէ ծրագրի ձգձգման կամ ուշացման դեպքում բացատրություններ չպետք է ընդունվեն. - «Եթե մեծ, լուրջ ծրագիր է ձախողվել, անպայման պետք է հետեւանքներ լինեն, այլապես բոլորս էլ գիտենք, որ ձախողված ծրագրերի արդարացման համար պատասխանատուները կարող են տասից ավելի արդարացումներ բերել: Մեզ արդարացում պետք չէ»:

Անդրադառնալով բնակչությանը հուզող սոցիալ-տնտեսական խնդիրներին` երկրի նախագահը ասել է. - « Մեր ժողովուրդն արդեն մայիս-հունիս ամիսներից սկսած պետք է զգա իր կենցաղային հոգսերի թեթեւացում, մարդիկ պետք է տեսնեն, որ սննդի եւ հատկապես գյուղմթերքի անասելի բարձր գները վերադառնում են իրենց աչքին սովոր մակարդակին: Սա խնդիր է, որ մենք պետք է անպայման լուծենք` կանգ չառնելով որեւէ դժվարության առջեւ: Այսինքն, ես ակնկալում եմ նորովի մոտեցումներ խնդիրների լուծմանը»:

Շարունակելով խոսել գնաճի մասին` Սերժ Սարգսյանը ասել է. - «Թե´ կարճաժամկետ, եւ թե´ երկարաժամկետ հատվածներում գնաճի հնարավոր զսպումը մեզ համար լինելու է գերակայություն: Այստեղ ես, իհարկե, ուզում եմ տեսնել ՀՀ կառավարության եւ Կենտրոնական բանկի ավելի կոորդինացված աշխատանք, ինչո՞ւ չէ` նաեւ համարձակ քայլեր, ինչո՞ւ չէ` նաեւ ոչ ավանդական քայլեր»:

Նախագահը խոսել է նաեւ ազգային արժույթի մասին. - «Միանգամից ասեմ, որ դրամի արժեվորումը տնտեսության եւ ներքին արտադրողի համար անբարենպաստ եւ անընդունելի երևույթ է եւ, իմ կարծիքով, այդպիսի երեւույթները մեզ տեւական ժամանակ խանգարել են: Ես վստահ եմ, որ մենք նման զարգացումներ չենք ունենա: Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ ազգային արժույթի փոխարժեքը ձեւավորվում է որպես հետեւանք արտարժութային հոսքերի, իսկ բոլոր կանխատեսումները խոսում են այն մասին, որ մենք ունենալու ենք դրամի շատ դանդաղ ու կայուն արժեզրկում` առանց որեւէ նկատելի թռիչքների ողջ տարվա ընթացքում: Ես սա շատ նորմալ եմ համարում եւ բարենպաստ մեր տնտեսվարողների եւ, առաջին հերթին, արտահանողների համար»:

Անդրադառնալով տնտեսության հիմնական ճյուղերում տեղի ունեցող զարգացումներին` Սերժ Սարգսյանը նշել է, որ աճ է ակնկալում արդյունաբերության եւ ծառայությունների, շինարարության ոլորտներում:

Երկրի նախագահը հատուկ ուշադրություն է հատկացրել գյուղատնտեսությանը. - « Այս տարի բոլորիս գործունեության օրակարգում առաջնային տեղ են ունենալու գյուղը, գյուղացին ու գյուղատնտեսությունը: Խոսքս միայն գյուղատնտեսության նախարարությանը չի վերաբերում, որովհետեւ գյուղի խնդիրը միայն գյուղատնտեսության նախարարի խնդիրը չէ: Իհարկե, գյուղատնտեսության նախարարությունը շատ ակտիվ պետք է լինի, մանավանդ, որ կառավարությունը գյուղատնտեսությունը համարում է իր գերակայություններից մեկը: Մենք պետք է շատ կոնկրետ եւ հասցեական աշխատանք կատարենք: Մեզնից յուրաքանչյուրը պարբերաբար պետք է այցելի գյուղ` ե´ւ վարչապետը, ե´ւ փոխվարչապետը, բոլոր նախարարները: Ինքս եմ պարբերաբար գնալու գյուղ, զբաղվելու գյուղատնտեսական խնդիրներով եւ ինքս եմ որոշ ծրագրեր հսկողության տակ պահելու: Այդ ծրագրերի արդյունքները պետք է երեւան: Գյուղացին պետք է տեսնի, որ ինքը մենակ չէ»:

Անդրադառնալով հարկային եւ մաքսային համակարգում բարեփոխումներին` նա ասել է. - « Մեկ անգամ եւս կրնկնեմ, որ ցանկացած բարեփոխում, իհարկե, ցավոտ է, եւ ես հասկանում եմ այդ բարեփոխումներն առանց ցավի եւ համադրված անցկացնելու ցանկությունը: Դա ճիշտ մոտեցում է, բայց մենք նաեւ պետք է գիտակցենք, որ գալու է մի պահ, որ մենք մտնելու ենք շեշտակի փոփոխությունների փուլ եւ արդեն հիմա մենք պետք է պատրաստվենք դրան»:

«Հաճախ քննադատության մեջ լուրջ դիտարկումներ ու առաջարկներ են լինում: Դրանք պետք է անպայման օգտագործել: Մենք պատրաստ ենք ցանկացած բարի խորհուրդ, ցանկացած օգտակար խորհուրդ ընդունելու: Ճիշտ խորհուրդ տվողներին, օգտակար խորհուրդ տվողներին մենք նաեւ պարտավոր ենք ներգրավել մեր աշխատանքներում: Սա´ է մեր խնդիրը», - եզրափակել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG