Մատչելիության հղումներ

Փետրվարին Youtube-ում տեղադրվեց հանրային հեռուստաընկերության խոսափողով նկարահանած մի հարցազրույց աստղաֆիզիկոս ներկայացող երիտասարդ Արթուրի Պողոսյանի հետ, որը հանրայինով եթեր չի հեռարձակվել: Հաղորդման վերջում, որպես աղբյուր, նշվում է «Քյավառ TV»` նկատի ունենալով Գավառի հեռուստաընկերությունը, որի աշխատակիցներն էլ նկարահանել և եթեր են հեռարձակել տեսանյութը:

Հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Վահագն Դաբաղյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում հայտնեց, որ հաջորդ օրը, երբ ինքը դիտել է ռեպորտաժը, արդեն հասկանալի էր, որ երիտասարդը հանճար չէ, նրա փաստաթղթերը կեղծված են, իսկ տեսանյութը պատրաստած լրագրողը պարզապես խիստ ոգևորված է եղել պատմությամբ ու չի հասցրել ստուգել փաստերը: Դաբաղյանը նշեց, որ իրենք տեսանյութը Youtube-ում չեն տեղադրել, և սիրով կհեռացնեին այն, եթե կարողանային:

Երբ Արթուրի մասին լուրերն արդեն տարածվել էին ողջ Հայաստանով, ու շատերը հպարտությամբ խոսում էին ապագա տիեզերագնացի մասին, Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողները հաղորդագրություն տարածեցին՝ պարզաբանելով, որ «երիտասարդի ասածները հեքիաթի են նման, քանի որ նրա ներկայացրած փաստերը ոչ մի առնչություն չունեն ֆիզիկայի հետ»:

Բայց կեղծ հանճարի շուրջ աղմուկը չխանգարեց, որ մարտի 3-ին Արթուր Պողոսյանին ընդունի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Մի քանի ժամ հետո Սփյուռքի նախարարությունը հանեց նախարարի և Արթուրի հանդիպման մասին լուրը նախարարության կայքից, բայց այն արդեն կրկնօրինակվել ու տարածվել էր ինտենետում:

Մարտի 9-ին Սփյուռքի նախարարությունը հանդես եկավ պաշտոնական հաղորդագրությամբ` վերնագրելով այն «Բոլոր նրանց, ովքեր «ցնցում» ապրեցին»: Այս հաղորդագրությամբ նախախարությունը տեղեկացրեց, որ «ՀՀ սփյուռքի նախարարը չի ստուգել Արթուր Պողոսյանի փաստաթղթերը նրան ընդունելուց առաջ»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG