Մատչելիության հղումներ

Վահան Հովհաննիսյանը Հայաստանում պայթյունավտանգ իրավիճակ է տեսնում


Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյան
Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյան
Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանում այսօր պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել: Ըստ նրա` հասարակությունում «սովից, անելանելիությունից, անարդարությունից ըմբոստանալու, պայթելու միտում կա»:

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանում հեղափոխական իրավիճակ կա, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Հեղափոխական վիճակը նաեւ ուղեղների մտածելակերպի, մոտեցումների հեղափոխական փոփոխություն է ենթադրում: Ես դա, ցավոք սրտի, դեռ չեմ տեսնում: Պայթունավտանգ վիճակը կարող է բերել հեղաշրջման եւ պայթյունի: Այդ պայթյունի արդյունքում հեղափոխություն կարող է եւ տեղի չունենա»:

Վահան Հովհաննիսյանը անդրադարձավ հեղափոխության մասին ոստիականպետ Ալիկ Սարգսյանի արտահայտած մտքերին: Ոստիկանապետը, մասնավորապես, երեկ Կառավարության շենքի առջեւ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին, թե ի՞նչ կարծիք ունի հեղափոխության մասին, ասել էր. - «Հեղափոխությունը ցնցում է, զինված ճանապարհով իշխանության բռնազավթում է, հեղափոխությունը զենքի բռնության միջոցով իշխանության տապալում է: Եթե ուզում եք, փորձե'ք, իմ վերաբերմունքը կտեսնեք այդ պահին»:

Մինչդեռ Վահան Հովհաննիսյանի համոզմամբ` հեղափոխությունը քրեական հանցանք չէ:

«Հեղափոխությունը մարդկության շարժիչ ուժերից մեկն է` ճիշտ այնպես, ինչպես էվոլյուցիան: Էվոլյուցիան եւ ռեւոլյուցիան օրենքներով արգելված չեն, եւ ես կարծում եմ, որ այստեղ լեզվի սայթակում է: Ոչ թե հեղափոխություն, այլ հեղաշրջում հավանաբար նկատի ուներ հարգարժան պարոն ոստիկանապետը, իսկ եթե ոչ, մենք կպարզենք, թե ինչ նկատի ուներ: Իսկ օրորոցներում հեղափոխություն խեղդելու փորձը վերջին 3 հազար տարվա ընթացքում ոչ մի անգամ չի հաջողվել», - ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից մարտի 1-ի հանրահավաքին հնչեցրած մեկ տասնյակից ավելի պահանջներին` Վահան Հովհաննիսյանը ասաց, թե այդպիսի պահանջներ անցած 20 տարիների ընթացքում բազմիցս հնչեցվել են: Ըստ նրա` շատ կետեր, որոնք կրում են սոցիալական ուղղվածություն, պետք է իշխանությունների ուշադրության կենտրոնում լինեն` առանց որեւէ մեկի կողմից պահանջ կամ ուլտիմատում ներկայացնելու:

«Ցավոք սրտի, մեր իշխանությունները անընդհատ հնարավորություն են տալիս շահարկելու իրենց իսկ անգործությունը եւ թերի քաղաքական կուրսը», - ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք իր կարծիքով մարտի 17-ի հանրահավաքից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը կգնա կտրուկ քայլերի` հաշվի առնելով, որ իշխանությունները չեն պատրաստվում կատարել նրա ներկայացրած պահանջները (Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին հայտարարել էր, որ սա իրենց վերջին զգուշացումն է, եւ իշխանություններին կոչ էր արել սթափվել) Հովհաննիսյանը պատասխանեց. - «Ես մի բան գիտեմ, որ տարբեր քաղաքական ուժերի տարբեր քաղաքական գործիչներ ` բայց ոչ երբեք Դաշնակցության, բազմիցս Հայաստանում հայտարարել են, որ աշնանը Հայաստանում կլինի հեղափոխություն, խոստացել են թեժ գարուններ, թեժ աշուններ, թեժ ձմեռներ ու ամառներ, թեժ ամիսներ ու շաբաթներ, որոշները նույնիսկ ասել են այն օրը, երբ Հայաստանում ապստամբություն տեղի կունենա, ու ոչ մի բան տեղի չի ունեցել: Դրա համար ես ուզում եմ նման գնահատականներից հեռու մնալ: Կապրենք, կտեսնենք»:

please wait

No media source currently available

0:00 0:03:53 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG