Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ի ներկայացուցիչը կոչ է անում խորը տնտեսական բարեփոխումներ իրականացնել


ԱՄՀ-ի Հայաստանի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսա
ԱՄՀ-ի Հայաստանի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսա
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Հայաստանի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան կարծում է, որ 2011 թվականին ինֆլյացիայի տեմպը ավելի ցածր կլինի, քան 2010-ին էր:

«Ներկայումս Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների գները շատ բարձր են», - ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Տոլոսան:

ԱՄՀ-ի Հայաստանի մշտական ներկայացուցիչը կարեւոր համարեց Հայաստանի կառավարության առաջարկը «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ: Օրինագծով առաջարկվում է զսպել սոցիալական նշանակություն ունեցող առաջին անհրաժեշտության պարենային որոշ ապրանքների գնաճը: Նախատեսվում է 30 եւ ավելի օրերի ընթացքում 30 եւ ավելի տոկոս մանրածախ գների աճի դեպքում առաջին անհրաժեշտության ապրանքների համար սահմանել գների վերին շեմ:

Տոլոսայի խոսքով, ճիշտ ժամանակին է Հայաստանի կառավարությունը դիմում գնաճի զսպմանն ուղղված քայլերի.:

Անդրադառնալով մենաշնորհների ազդեցությանը` Գիերմո Տոլոսան ասաց, որ օլիգոպոլիաները ազդում են գների վրա:

Հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի տնտեսության վիճակը, Տոլոսան արձագանքեց. - «Հայաստանը շատ դժվար շրջան է ապրում, անհրաժեշտ են խորը եւ լայն տնտեսական բարեփոխումներ»:

Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչը այսօր մասնակցում էր «Հայաստանի տնտեսությունը. հայացք դրսից» թեմայով քննարկմանը, որի ընթացքում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Վալերիո Ռազլոգը համոզմունք հայտնեց, թե Հայաստանում տնտեսական խնդիրների հիմնական պատճառը «բիզնեսի համար բարդ միջավայրն է»:

Լրագրողների հետ հանդիպմանը գնաճին անդրադարձավ նաեւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը, ով կարծիք հայտնեց, որ հայաստանում գները կիջնեն միայն այն ժամանակ, երբ մրցակցություն լինի:

«Այսօրվա Կառավարության հնարավորությունները, ադմինիստրատիվ լծակները ցանկության դեպքում բավարար են, որ նա կարողանա գնաճի դեմն առնել, որովհետեւ այն մարդիկ, ովքեր զբաղվում են ներկրմամբ, Կառավարության ներկայացուցիչներն են կամ նրանց մոտ կանգնածներն են, եւ Հայաստանի ամբողջ տնտեսությունը կառավարվում է մեկ կետից` Սերժ Սարգսյանի նախագահական ապարատից կամ մասամբ կառավարության կողմից», - ասաց Խաչատրյանը:

please wait

No media source currently available

0:00 0:03:08 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG