Մատչելիության հղումներ

Ադրբեջանի իշխանությունները փորձում են ճնշել վիրտուալ հանրահավաքը


Ադրբեջան -- Ոստիկանությունը Բաքվի փողոցներում, 10-ը մարտի, 2011թ.
Ադրբեջան -- Ոստիկանությունը Բաքվի փողոցներում, 10-ը մարտի, 2011թ.
Ադրբեջանում ընդդիմությունը նախատեսում է այսօր բողոքի ցույց անցկացնել վիրտուալ աշխարհում` Facebook սոցիալական ցանցում, իսկ վաղն արդեն փողոց դուրս գալ` հանուն երկրի ժողովրդավարացման:

Դեռեւս հստակ չէ` քանի մարդ կարձագանքի ընդդիմության կոչերին, եւ արդյո՞ք այս ցույցերը կդառնան զանգվածային, ինչպես կազմակերպիչներն են ծրագրում: Այդուամենայնիվ, Ադրբեջանի իշխանություններն արդեն իսկ նախապատրաստվում են դրանց` պայքարի ավանդական եւ ծանոթ մեթոդներով. ցույցերի կազմակերպիչները ձերբակալվում են, համակիրները` սպառնալիքների եւ ճնշումների ենթարկվում:

«Եթե իշխանությունը Facebook-ում մի փոքր էջ բացելու համար պատրաստ է ձերբակալություններ իրականացնել, կամ ճնշել մարդկանց ընտանիքներին, ուրեմն այդ իշխանության վերջը եկել: Նման քայլերով նրանք ընդամենը բորբոքում են իրավիճակը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է վիրտուալ հանրահավաքի կազմակերպիչներից մեկը` Էլնուր Մաջիդլին: Վերջինս ազատության մեջ է, քանի որ Ադրբեջանում չի բնակվում: Մինչդեռ, վիրտուալ հանրահավաքի կազմակերպիչը ակտիվիստներից Բախտիար Հաջիեւին ոստիկանները օրեր առաջ արդեն ձերբակալել են. պաշտոնական հաղորդագրության համաձայն` զինվորական ծառայությունից խուսափելու կասկածանքով:

«Նա անազատության մեջ է, որովհետեւ պայքար էր սկսել հանուն արդարության», - ասում է Հաջիեւի մայրը` Սոլիդա Մովլաեւան, ու երկրում տիրող իրավիճակը նմանեցնում անցած դարի 30-ական թվականների ստալինյան հալածանքների ժամանակաշրջանին:

Գունավոր հեղափոխության մեղադրանքներ


Ադրբեջանի իշխանությունները երիտասարդներին հորդորում են չմասնակցել ցույցերինՀաջիեւից բացի ձերբակալվել են ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության մի շարք ներկայացուցիչներ, տասնյակ ակտիվիստներ բերման են ենթարկվել, ոմանց կալանավայրում ծեծել են:

Իշխանություններին քննադատող հայտարարություններ են տարածել Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանատունը, Freedom House եւ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները:

Չնայած միջազգային կազմակերպությունների քննադատությանը` Ադրբեջանում ընդդիմադիրների նկատմամբ ճնշումները չեն դադարում: Նախօրեին ներքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ` պնդելով, թե արտաքին ուժերը փորձում են ծայրահեղականների օգնությամբ գունավոր հեղափոխություն իրականացնել Ադրբեջանում:

Երեկ հեռուստատեսությամբ ելույթ է ունեցել նաեւ Ադրբեջանի գլխավոր հոգեբան Գարայ Գերաբեյլին, ով ինտերնետից հաճախ օգտվող երիտասարդներին խորհուրդ է տվել հոգեբանի դիմել` պնդելով, թե նրանք, ովքեր նախընտրում են իրական կյանքի փոխարեն շփվել վիրտուալ աշխարհում` հոգեկան խնդիրներ ունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG