Մատչելիության հղումներ

logo-print

Իրավապաշտպանները պահանջում են վերջ դնել քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ ոտնձգություններին


Հայաստան – Ընդդիմության բողոքի ակցիա Երեւանում FIDH կազմակերպության միջազգային համաժողովի ժամանակ, 6-ը ապրիլի, 2010թ., արխիվային լուսանկար

Հայաստան – Ընդդիմության բողոքի ակցիա Երեւանում FIDH կազմակերպության միջազգային համաժողովի ժամանակ, 6-ը ապրիլի, 2010թ., արխիվային լուսանկար

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) եւ դրա գործընկեր կազմակերություն Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (ՔՀԻ) Հայաստանի իշխանություններին կոչ են անում դադարեցնել ոտնձգությունները քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ:

Ֆեդերացիայի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունը հատուկ անդրադառնում է անցած ամիս ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի ձերբակալությանը:

«Տիգրան Փոստանջյանը փետրվարի 23-ին հրավիրվեց Ազգային անվտանգության ծառայություն եւ ձերբակալվեց: Նախաքննությունը ԱԱԾ-ն է իրականացնում, չնայած Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված է, որ Քրեական օրենսգրքի 311-1 հոդվածի առաջին մասով առաջադրված մեղադրանքի դեպքում նախաքննությունը պետք է իրականացնեն ոստիկանության քննիչները», - հայտարարում են FIDH եւ ՔՀԻ-ն:

Կազմակերպությունները մտահոգություն են հայտնել, որ Տիգրան Փոստանջյանի դեմ քրեական գործի հարուցմամբ եւ նրա ընտանիքի անդամներին հետապնդելու ճանապարհով փորձ է արվում ճնշում գործադրել ընդդիմության ներկայացուցիչների վրա:

«Այս իրադարձությունները տեղի են ունենում կառավարության կողմից կուսակցությունների, առանձին խմբերի շարունակական ակցիաները ճնշելու համատեքստում», - նշել են իրավապաշտպան կազմակերպությունները` վկայակոչելով կառավարության շենքի մոտ մարտի երեքին իրավապահների բախումը ցույցի դուրս եկած առեւտրականների ու նրանց սատարող ընդդիմադիր պատգամավորների հետ:

«Իրավապահները բռնությամբ հետ մղեցին ցուցարարներին շենքի մոտից` խախտելով խաղաղ հավաքներ անցկացնելու` մարդկանց իրավունքը: Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը անմիջականորեն մասնակցեց բախմանը», - արձանագրել են Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան եւ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը:

FIDH-ը եւ ՔՀԻ-ն Հայաստանի իշխանություններին կոչ են անում երաշխավորել խաղաղ հավաքների ազատությունը, զերծ մնալ ընդդիմության ներկայացուցիչների եւ նրանց հարազատների դեմ «ապօրինի» գործողություններից, իրականացնել Տիգրան Փոստանջյանի գործի լիարժեք, թափանցիկ ու անկախ քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG