Մատչելիության հղումներ

Բրիտանիայի արքայազնի ադրբեջանական կապերը` քննադատության առարկա


Մոնտենեգրո – Բրիտանիայի արքայազն Էնդրյու Ալբերտ Քրիստիան Էդվարդը (Յորքի դուքսը) պաշտոնական այցի ժամանակ, 6-ը մարտի, 2009թ.

Մոնտենեգրո – Բրիտանիայի արքայազն Էնդրյու Ալբերտ Քրիստիան Էդվարդը (Յորքի դուքսը) պաշտոնական այցի ժամանակ, 6-ը մարտի, 2009թ.

Վերջին շաբաթվա ընթացքում Բրիտանական ընդդիմության ու լրատվամիջոցների քննադատության թիրախ է դարձել Պահպանողական պատգամավոր, առեւտրի գծով Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ արքայազն Էնդրյուն:

Արքայազնը, ով Յորքի դուքսն է, հայտնի է իր գործնական ու նաեւ մտերմիկ կապերով Միջին Արեւելքի միապետերի ու ղեկավարների հետ, որոնցից շատերը, մեղմ ասած, բարի համբավ չունեն:

Արքայազնին, մասնավորապես, մեղադրում են Ադրբեջանի նախագահի ընտանիքի հետ ջերմ հարաբերություններ ունենալու մեջ` նշելով, որ Յորքի 51-ամյա դուքսը հաճախ է այցելում Ալիեւներին ու շփվում է Ադրբեջանի նախագահի դստեր հետ, ով բնակվում է Լոնդոնում:

The Guardian պարբերականը գրում է, որ արքայազն Էնդրյուն այս երկուշաբթի հանդիպել է Բրիտանական խորհրդարանի Ադրբեջանական խմբի ղեկավարի հետ եւ խնդրել նրա աջակցությունը Ադրբեջանի հետ գործնական կապերը խորացնելու գործում:

«Ադրբեջանը մեծ հեռանկարների դաշտ է, եւ եթե բրիտանացի քաղաքական գործիչներն ու գործարարները աշխուժացնեն կապերն այնտեղի իրենց գործընկերների հետ, նյութական մեծ օգուտ կունենան», - Ադրբեջանական խմբի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ ասել է արքայազնը:

The Guardian-ը շեշտում է, որ Ադրբեջանում ցուցարարների դեմ բռնություն է գործադրվում, իսկ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերջ տալ ընդդիմադիրների դեմ կիրառվող կտտանքներին:

Թերթի տվյալներով` դուքսը հունիսին պատրաստվում է 8-րդ անգամ այցելել Ադրբեջան, ու տեղական մամուլը նրան անվանում է «սիրելի հյուր»:

Երկուշաբթի օրը Բրիտանիայի առեւտրի նախարար Վինս Քեյբլը հայտարարել էր, թե արքայազն Էնդրյուի գործունեությունը կվերագնահատվի ու նրա հարցը կքննարկվի: Սակայն ավելի ուշ վարչապետի խոսնակը հերքել է սա` ասելով, որ կառավարությունը բարձր է գնահատում արքայազնի ներդրումը Մեծ Բրիտանիայի արտաքին առեւտրային կապերի ամրացման հարցում:

Արքայազնին մեծապես սատարում է թագավորական ընտանիքը, մասնավորապես նրա մայրը` Ելիզավետա թագուհին:

Արքայազն Էնդրյուն կասկածվում է նաեւ անչափահասների հետ սեռական կապ ունենալու մեջ: Ընդդիմադիր Աշխատավորական կուսակցության պատգամավոր Քրիս Բրայանթը հեռուստատեսային հարցազրույցում նրան անվանել է «ազգի խայտառակություն»:
XS
SM
MD
LG