Մատչելիության հղումներ

Դատապարտյալները սպառնում են բողոքի ակցիաներ սկսել


Սարգիս Հացպանյան
Սարգիս Հացպանյան
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գտնվող տասնյակ դատապարտյալներ մտադիր են հաջորդ շաբաթվանից բողոքի ակցիաներ սկսել, մասնավորապես` հրաժարվել տրվող հացից, եթե հաշվի չառնվեն իրենց պահանջները:

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ ավելի քան հարյուր դատապարտյալներ օրերս նամակ են ուղարկել արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ հիշեցրել 45 օր առաջ նրա այցելության ժամանակ քննարկված հարցերը:

«Մենք ուզում ենք փակ ռեժիմից բաց ռեժիմ տեղափոխվելու իրավունքից օգտվել, ուզում ենք պայմանական-վաղաժամկետ ազատման իրավունքից օգտվել, եւ ուզում ենք նաեւ կարճաժամկետ մեկնելու` 5-7 օր արձակուրդի իրավունքից օգտվել: Սա է եղել պահանջը», - պարզաբանեց Հացպանյանը:

Արդարադատության նախարարը հունվարի վերջին այցելել էր «Էրեբունի», «Նուբարաշեն», «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում նախարարը առանձնազրույց էր ունեցել Սարգիս Հացպանյանի հետ քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների իրավունքների խախտումների թեմայով: Նախարարն առաջարկել է իրեն գրավոր տեղեկացնել «կատարվող բոլոր իրավախախտումների մասին»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հացպանյանը հավելեց, որ դատապարտյալները պահանջներ են հասցեագրել նաեւ եվրոպական կառույցներին:

«Մենք պահանջում ենք Եվրոպայի համազեկուցողներից, որպեսզի Հայաստանի արդարադատության համակարգում պարտադրվի օրենքների կիրառումը», - ասաց Հացպանյանը` մեկնաբանելով, թե օրենքը կա, իրավունքը կա, բայց չի կիրառվում:

Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հաջորդ շաբաթվա ընթացքում քրեակատարողական վարչությունը նախարարին է ներկայացնելու 2010 թվականի տարեկան հաշվետվությունը, որից հետո կտրվեն անհրաժեշտ հանձնարարականները:

«Նախարարությունում քննարկվում է նաեւ պատժի հետագա կրումից պայմանական-վաղաժամկետ ազատման հետ կապված առկա խնդիրները կարգավորելու հարցը», - նշված է մամուլի քարտուղարի գրավոր պատասխանի մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG