Մատչելիության հղումներ

Ֆրանսիան զսպվածության կոչ է անում Ղարաբաղյան հակամարտության կողմերին


Ֆրանսիայի արտգործնախարարությունը այսօր մտահոգություն է հայտնել Ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերի կապակցությամբ, որոնց հետեւանքով մարդիկ են զոհվել:

«Ինչպես եւ Մինսկի խմբի համանախագահները մարտի 9-ի իրենց հաղորդագրությունում` մենք դատապարտում ենք ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում եւ կոչ ենք անում բոլոր կողմերին` առավելագույն զսպվածություն ցուցաբերել», - ասված է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում:

Ֆրանսիայի արտգործնախարարությունը ընդգծում է, որ միայն բանակցությունները կարող են հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հավասարակշռված քաղաքական լուծման, եւ որ այս հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել:

Պաշտոնական Փարիզը պատրաստակամություն է հայտնում` որպես Մինսկի խմբի համանախագահ, մյուս համանախագահներ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ միասին աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին` բանակցությունների միջոցով հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հավասարակշռված քաղաքական լուծման:

Այդ լուծումը, ըստ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության, պետք է հիմնված լինի «միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Խարտիայի սկզբունքների եւ նորմերի, ինչպես նաեւ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված` ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքների պատշաճ համակցության վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG