Մատչելիության հղումներ

Հինգ հայազգի միլիարդատեր Forbes-ի ցուցակում


Ամերիկաբնակ հայազգյի միլիարդատեր Քըրք Քըրքորյանը:
Ամերիկաբնակ հայազգյի միլիարդատեր Քըրք Քըրքորյանը:
Հեղինակավոր Forbes հանդեսի կողմից հրապարակված միլիարդատերերի հերթական ցանկում միանգամից հինգ հայազգի գործարարներ կան:

Առավել հարուստն ու հռչակավորը Քըրք Քըրքորյանն է: Forbes-ի միլիարդատերերի ցանկում նա զբաղեցնում է 310-րդ հորիզոնականը` մոտ 3.5 միլիարդ դոլար ընդհանուր կարողությամբ: Անցած տարվա համեմատ Քըրքորյանի կարողությունն աճել է շուրջ 400 միլիոն դոլարով:

Բայց եթե համեմատենք նույն Forbes հանդեսի` 2004 թվականին հրապարակած ցանկի հետ, ապա կտեսնենք, որ ամերիկահայ միլիարդատիրոջ կարողությունը մի քանի տարվա ընթացքում կիսով չափ կրճատվել է: 7 տարի առաջ Քըրքորյանի կարողությունը գնահատվում էր շուրջ 7 միլիարդ ամերիկյան դոլար: «Չնայած զգալի կորուստներին` անցած մեկուկես տարիներին Քըրքորյանը եւս մի քանի լուրջ գործարքներ է կնքել», - պնդում է Forbes-ը: - «2009-ի դեկտեմբերին Lաս Վեգասում բացվեց Քըրքորյանին պատկանող Game City խաղային համալիրը, որի արժեքը 8.5 միլիարդ դոլար է: Դա Միացյալ Նահանգների պատմության մեջ մասնավոր կապիտալի ներգրավմամբ անշարժ գույքի շուկայում իրականացված ամենախոշոր գործարքն էր»:

Բացի այդ, Forbes-ը ընդգծում է, որ Քըրքորյանը շարունակում է իր բարեգործական ակցիաները». - «Այս ձմեռ 93-ամյա գործարարը շուրջ 200 միլիոն դոլար նվիրաբերեց Lոս Անջելեսում գտնվող Կալիֆորնիայի համալսարանին` UCLA-ին»:

Forbes-ի ցուցակում տեղ գտած մյուս հայազգի միլիարդատերերն իրենց գործունեությունը ծավալել են Ռուսաստանի տարածքում: Նրանցից ամենահայտնին եւ ամենաերիտասարդը «ՌոսԳոսՍտրախ» ընկերության սեփականատեր Դանիիլ Խաչատուրովն է: Forbes-ի ցանկում 833-րդ տեղը զբաղեցնող մոսկվաբնակ հայ գործարարի 1.5 միլիարդ դոլար կազմող կարողության հիմքը ապահովագրական շուկայում իրականացված հաջող գործարքներն են:

«2001 - 2003 թվականներին Խաչատուրովն իր գործընկերների հետ 60 միլիոն դոլարով գնեց պետությանը պատկանող «ՌոսԳոսՍտրախ»-ի բաժնետոմսերի 75 տոկոսը` խորհրդային ոճի ընկերությունից այն դարձնելով ռուսաստանյան շուկայի առաջատարներից մեկը: 2010-ին Խաչատուրովը պետությունից գնեց բաժնետոմսերի մնացած 25 տոկոսը` դառնալով ընկերության միանձնյա սեփականետերը», - գրում է Forbes-ը:

Ապահովագրական բիզնեսում լուրջ հաջողությունների հասած Սարկիսով եղբայրները` Նիկոլայն ու Սերգեյը, ամերիկյան հանդեսի հրապարակած ցուցակում գտնվում են Խաչատուրովի հարեւանությամբ: Սարկիսով եղբայրների միասնական կարողությունը Forbes-ը գնահատում է շուրջ երեք միլիարդ ամերիկյան դոլար: Եղբայրներից ավագը` 51-ամյա Սերգեյ Սարկիսովը, 1991-ին ստեղծել է «ՌԵՍՈ- Գարանտիա» ընկերությունը: 2007-ին ընկերության բաժնետոմսերի 37 տոկոսը վաճառել է ֆրանսիական AXA ընկերությանը ռուսական ապահովագրական շուկայի համար աննախադեպ բարձր գնով` 1 միլիարդ 200 միլիոն դոլարով: Նրա կրտսեր եղբայրը` 42-ամյա Նիկոլայը, համակարգում է «ՌԵՍՈ»-ի շինարարական նախագծերը: Ի դեպ, երկու եղբայրներն էլ բազմազավակ հայրեր են` յուրաքանչյուրը 5-ական երեխա ունի:

Forbes-ի ցանկում ընդգրկված վերջին հայազգի միլիարդատերը Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբայրն է` «Տաշիր-Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Սամվել Կարապետյանը: «Կարապետյանի «Տաշիր Գրուպ»-ը 15 առեւտրային եւ յոթ օֆիսային կենտրոնների, ինչպես նաեւ յոթ հյուրանոցների սեփականատեր է: Իր բիզնեսը Ռուսաստանում Կարապետյանը սկսել է` գնելով «ԿալուգաԳլավՍնաբ» ընկերությունը:

«Վերջերս Կարապետյանը երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր է ստորագրել Հայաստանի մայրաքաղաք Երեւանի իշխանությունների հետ, որի նպատակն է տուրիզմի, շինարարության եւ կանաչ գոտիների տեղծմանն ուղղված լուրջ ներդրումների իրկանացումը», -գրում է Forbes-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG