Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները` միավորման մասին


Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում իրենց կարծիքներն են հայտնում միավորման հեռանկարների վերաբերյալ:

«Ժառանություն» կուսակցության ղեկավար անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ այսօր հայաստանյան ընդդիմության թիվ մեկ խնդիրը համագործակցության եզրեր գտնելն է:

«Դրա արդյունքում, ես կարծում եմ, իշխանափոխությունը արդեն շատ կարճ ժամանակահատվածի խնդիր կլինի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի օրը նշեց պատգամավորը:

«Բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը` ե'ւ Հայ ազգային կոնգրեսը, ե'ւ Դաշնակցությունը, ե'ւ «Ժառանգություն»-ը, բազմիցս նշել են, որ միայնակ իրենց կուսակցությունը չի կարող իշխանափոխություն իրականացնել: Այս պարագայում համագործակցությունը ավելի առարկայական է դառնում: Եթե քաղաքական ուժերը արդեն փոխել են իրենց կարծիքը (իսկ «Ժառանգություն»-ը իր կարծիքը չի փոխել), եւ գտնում են, որ միայնակ կարող են այդ իշխանափոխությունը իրականացնել, եւ դա կլինի Հայաստանի ժողովրդավարական ուղին, ապա այստեղ ես միայն կարող եմ հաջողություն մաղթել իրենց», - հավելեց Մարտիրոսյանը:

ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի համոզմամբ, իրականում հայաստանյան ընդդիմությունը միավորված է, իսկ ընդդիմության միավորման հարցը «ներմուծված» է իշխանությունների կողմից:

«Այդպիսի խնդիր գոյություն չունի, եւ այն միասնականությունը, որ կա Հայ ազգային կոնգրեսի շրջանակներում, դրա ապացույցն է: Որեւէ կուսակցության, որեւէ քաղաքական միավորման մտքով իսկ չի անցել դուրս գալ: Այդ համախմբվածությունը շարունակվելու է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Կարապետյանը` շարունակելով. - «Դաշնակության ներկայացուցիչները շարունում են ունենալ պաշտոններ, շարունակում են կազմել քրեաօլիգարխիկ համակարգի բաղկացուցիչ մասը: Նրանք առաջին հերթին ընդդիմություն են հիմնական ընդդիմությանը` մեզ: Հետեւաբար Դաշնակցության մասին որպես ընդդիմություն խոսելն ավելորդ է: «ժառանգություն»-ը խորհրդարանական ընդդիմություն է: Կարծում եմ, որ իրենք, շարունակելով իրենց ծրագրերը, կարող են օգուտ բերել այս համակարգային փոփոխությունների ճանապարհին, որով ընթանում է Հայ ազգային կոնգրեսը»:

Ինչ վերաբերում է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, ապա անցած ամիս նախաձեռնած «Ընտրական իրավունքի պաշտպանություն» շարժման կապակցությամբ կուսակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ասել էր, թե այդ ուղղությամբ պատրաստ են համագործակցել «բոլորի հետ»:

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նույն հարցի շուրջ ասել էր. - «Նպատակները [ընդդիմադիր ուժերի] տարբեր են: Կա ընդդիմությունը, որը աթոռակռիվ է տալիս…` ՀԱԿ-ը: Ավելի շուտ ոչ թե ՀԱԿ-ը, այլ կորիզը` ՀՀՇ-ն»:

Վլադիմիր Կարապետյանը հրաժարվեց մեկնաբանել Ժողովրդական կուսակցության նախագահի խոսքերը:

please wait

No media source currently available

0:00 0:04:06 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG