Մատչելիության հղումներ

2010 թվականին Կանանց իրավունքների կենտրոնի ազգային թեժ գիծ է զանգահարել ընտանեկան բռնության ենթարկված շուրջ 700 կին Երեւանից եւ եւս 110-ը մարզերից:

Նախորդ տարվա համեմատությամբ բռնության ենթարկված կանանց զանգերի քանակն ավելացել է, ինչը, ըստ կենտրոնի ներկայացուցիչների, պայմանավորված է ոչ թե բռնության դեպքերի աճով, այլ կանանց` իրենց իրավունքների մասին իրազեկվածության մակարդակով:

«2010 թվականի ընթացքում Կանանց իրավունքների կենտրոն դիմել են տարբեր ֆիզիկական վնասվածքներ եւ հոգեբանական խնդիրներ ունեցող կանայք, ովքեր շարունակական բնույթ կրող ֆիզիկական, հոգեբանական կամ սեռական բռնության ենթարկվելու հետեւանքով առհասարակ շփոթված էին, դեպրեսիայի մեջ էին, նրանց մոտ նույնիսկ եղել սուիցիդալ մտքեր», - հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կանանց իրավունքների կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Դիանա Սարգսյանը:

Զանգահարողների մեծ մասը 33-40 տարեկան կանայք են, ստացված զանգերի 60 տոկոսը վերաբերել է հոգեբանական բռնությանը, 38 տոկոսը` ֆիզիկական, իսկ 2 տոկոսը` սեռական բռնությանը: Կենտրոնի հոգեբան Աննա Հակոբյանի խոսքով` արձանագրված հոգեբանական բռնության դեպքերը գերակշռում են, քանի որ հոգեբանականն առկա է յուրաքանչյուր տեսակի բռնության մեջ, բացի այդ կանայք առավել համարձակ խոսում են հենց հոգեբանական բռնության մասին:

Կենտրոն դիմել են ծնողի, երեխաների, նաեւ սկեսրոջ եւ սկեսրայրի կողմից բռնության ենթարկված կանայք, սակայն գրանցված բռնության դեպքերի ճնշող մեծամասնության դեպքում բռնարարը ամուսինն է:

«Ցանկացած կնոջ համար իր ընտանեկան բռնությունը շատ ցավալի է, նա շատ ծանր է տանում այն հանգամանքը, որ բռնության է ենթարկվում իր ամենահարազատ, մտերիմ անձի կողմից, իր երեխաների հայրիկի կողմից», - ասաց Հակոբյանը:

Ընտանեկան բռնության հիմքում ընկած է բռնարարի ցանկությունը ուժի եւ վերահսկողության միջոցով իշխանություն հաստատել ընտանիքի այլ անդամի նկատմամբ: Բռնության երեւույթի արմատացումը, ըստ մասնագետների, կապված է հայ հասարակության կարծրատիպերի եւ սովորույթների հետ,

«Կարծես թե սովորություն է դարձել, որ տղամարդը պետք է ձեռք բարձրացնի կնոջ վրա եւ պետք է իր ձայնը հնչի տանը, այլ ոչ թե կնոջ ձայնը», - ասում է Հակոբյանը:

Մոտ 13 տարի ընտանեկան բռնության հիմնախնդրով զբաղվող Կանանց իրավունքների կենտրոնի ներկայացուցիչները պնդում են, որ ընտանիքում կանանց եւ նրանց երեխաների նկատմամբ բռնությունը կանխելու կարեւոր նախապայմանը կանանց լռությունը խախտելն է: Որպես օրինակ Դիանա Սարգսյանը հիշեցնում է ամուսնու եւ սկեսուրի կողմից դաժան ծեծի հետեւանքով մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի դեպքը:

«Եթե նա կամ թեկուզ յուրաքանչուր անձ չլռեր, որ նրա կողքին էր այդ պահին, կամ հասարակությունը գոնե չլռեր, որովհետեւ հասարակությունը միշտ տեսել է, թե ինչպես սկեսուրը, ամուսինը մազերից քարշ տալով աստիճաններից իջեցնում են, ծեծում են, հարվածում են, բայց լռել են, եւ այդ իսկ պատճառով Զարուհի Պետրոսյանը մահացել է», - ասաց Դիանա Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG