Մատչելիության հղումներ

Ոստիկանապետը պնդում է, թե ոստիկանության գործողությունները «համարժեք» էին


Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

«Անցած հինգշաբթի Կառավարության շենքի դիմաց ոստիկանության իրականացված գործողությունները իրավաչափ էին եւ համարժեք, դեռ մի բան էլ քիչ էին», - հինգշաբթի օրը հայտարարել է Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Հիշեցնենք, մարտի 3-ին Կառավարության շենքի դիմաց բախում էր տեղի ունեցել ոստիկանության ներկայացուցիչների եւ բողոքի ակցիա կազմակերպած մոտ երկու տասնյակ քաղաքացիների` այդ թվում Ազգային ժողովում «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնող պատգամավորների միջեւ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ոստիկանապետին կարգադրել էր անցկացնել ծառայողական քննություն:

Ալիկ Սարգյսանը նշեց, որ կատարվել է ուսումնասիրություն: Նրա խոսքով, ծառայողական քննություն ինքը կատարում է միայն այն դեպքում, երբ «հանգամանքները տանում են նրան, որ խախտում է կատարվել»: Մինչդեռ, դիտելով իրենց երեք տեսախցիկներով նկարահանված տեսանյութը, ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ ոստիկանների գործողությունները օրինաչափ են եղել:

«Իմ ոստիկաններին մի վիրավորեք: Նրանք, բացի ոստիկան լինելը, մարդ են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ոստիկանապետը` շարունակելով. - «Ոչ թե անձեռնմխելիության ֆոնի տակ փորձի ուսադիր պոկել... պատգամավորներից մեկը, անունը նույնիսկ չեմ ուզում տալ, հարմար չեմ գտնում»:

Արձագանքելով Ոստիկանության հասցեին քաղաքական ուժերի ներկայացուցիչների հնչեցրած քննադատությանը (խիստ քննադատություն էր հնչեցրել, մասնավորապես, Ազգային ժողովում Դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` ասելով, թե ոստիկանության խնդիրը «դասեր տալը չէ, այլ կարգուկանոն հաստատելը)` Ալիկ Սարգսյանը ասաց. - «Մենք չենք ուզում ոչ մեկին ապրել սովորեցնենք: Մենք չենք էլ պատրաստվում մեկին սովորեցնենք: Դուք էլ մեզ ծառայել մի սովորեցրեք մեր երկրին, մեր պետությանն ու ժողովրդին»:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանին աշխատանքից ազատելու պատճառների մասին Սարգսյանը ասաց. - «Անմեղության կանխավարկածը կա եւ կլինի մինչեւ վերջին պահը: Նա ոստիկանության գեներալ է, այս պահին ազատված է աշխատանքից` քննությանը չխոչընդոտելու նպատակով: Հատուկ քննչական ծառայությունը այս պահին քննություն է կատարում քրեական գործի շրջանակներում»:

Դատախազության հաղորդագրության համաձայան, հիշեցնենք, պարզվել էր, որ անցած տարի Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած մի սպանության գործով Հովհաննես Թամամյանը եւ Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարազդատ Ադամյանը իրենց «պաշտոնական պարտականություններից բխող անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել հանցագործության բացահայտման ուղղությամբ, ինչը հանգեցրել է քննության ընթացքում քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների խեղաթյուրմանն ու կեղծմանը»:

Ոստիկանապետը լրագրողների հարցերին պատասխանում էր Կառավարության այսօրվա նիստից հետո: Նրան հարց ուղղեց նաեւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»)` հետաքրքրվելով, թե ինչ կարծիք ունի ոստիկանապետը հեղափոխության մասին:

«Հեղափոխության նկատմամբ ես առանձնապես սիմպատիա չունեմ», - արձագանքեց Ալիկ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG