Մատչելիության հղումներ

logo-print

Օմբուդսմենը մարտի 3-ի միջադեպի առնչությամբ առաջարկ է ներկայացրել ոստիկանապետին


Հայաստանի նորանշանակ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մարտի 3-ին ոստիկանության կողմից կառավարության շենքի առջեւ քաղաքացիների խաղաղ բողոքի ակցիան խոչընդոտելու փաստի առնչությամբ նամակ է հղել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որում առաջարկել է միջադեպի քննության ընթացքում հաշվի առնել ոչ միայն ոստիկանների ցուցմունքները, այլեւ ականատեսների վկայությունները:

Ոստիկանապետին ուղղված նամակի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության համաձայն, հաղորդում ստանալով Երեւանում բացօթյա առեւտրի արգելքի դեմ բողոքող անձանց եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից խաղաղ ցույցի իրականացման ընթացքում մարդու իրավունքների խախտումների եւ ոստիկանների կողմից լիազորությունների վերազանցման վերաբերյալ, օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը եւ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել են դեպի վայր:

«Նրանք չեն տեսել անօրինական որեւէ գործողության կատարում ոչ ոստիկանների եւ ոչ էլ քաղաքացիների կողմից: ԱԺ պատգամավորները տեղեկացրել են Պաշտպանին, որ ոստիկանները խոչընդոտել են քաղաքացիներիª խաղաղ ցույց անցկացնելու իրավունքի իրականացմանը, ավելին ինչպես վկայում են պատգամավորները բռնություն են կիրառել բողոքող քաղաքացիների եւ անձեռնմխելիություն ունեցող պատգամավորների նկատմամբ», - իր նամակում ասել է Անդրեասյանը` հավելելով, որ դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն ներկայացվել, եւ հետեւաբար Պաշտպանը չի կարող տրամադրել Ոստիկանությանը վերը նշվածից բացի այլ տվյալներ:

Մարդու իրավունքների պաշտպանը ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին խնդրել է հետամուտ լինել տեղի ունեցած միջադեպի հանգամանքների լրիվ եւ բազմակողմանի վերհանմանը:

Պաշտպանը մասնավորապես առաջարկել է քննության ընթացքում հաշվի առնել ոչ միայն ոստիկանների ցուցմունքները, այլեւ ականատեսների վկայությունները եւ խնդրել է հնարավորինս սեղմ ժամկետներում պարզաբանումներ տալ տեղի ունեցածի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG