Մատչելիության հղումներ

Wikileaks. «Ֆրանսիան սպառնում էր տապալել Արեւելյան գործընկերության ծրագրի իրականացումը»


Գաղտնազերծված դիվանագիտական հեռագիրը բացահայտում է Արեւելյան գործընկերության ծրագրի հետ կապված Եվրամիության հեռահար նպատակները:

Wikileaks կայքի գաղտնազերծած փաստաթղթից հայտնի է դարձել, որ 2008 թվականին Ֆրանսիան սպառնացել է տապալել Արեւելյան գործընկերության ծրագիրը, եթե Եվրամիության իր գործընկերները, մասնավորապես` Շվեդիան եւ Lեհաստանը, շարունակեն Ռուսաստանի հանդեպ որդեգրած քաղաքական կոշտ գծի իրականացումը:

Հրապարակված հերթական դիվանագիտական հաղորդագրությունը 2008 թվականի նոյեմբերին Ստոկհոլմում Միացյալ Նահանգների դեսպանության աշխատակիցների կազմած հաշվետվությունն է, որը պատմում է դեսպանատան քաղաքական բաժնի աշխատակիցների եւ Շվեդիայի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի զրույցի մասին:

Այն ժամանակ Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչության Արեւելյան Եվրոպայի բաժնի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Յոհան Ֆրիզելը ամերիկացի դիվանագետներին ասել է, որ Եվրամիությունը Արեւելյան գործընկերության մաս կազմող 6 պետությունները դիտարկում է որպես մեկ միասնություն:

«Ի տարբերություն Եվրոպական հարեւանության ծրագրի` Արեւելյան գործընկերության նպատակն է առանձին ենթատարածաշրջան ձեւավորել, որի մեջ կմտնեն Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Բելառուսը, Հայաստանն ու Ադրբեջանը: Մեր նպատակը ոչ թե պետություններից յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին աշխատելն է, այլ տարածաշրջանային մոտեցում որդեգրելը», - ասել է շվեդ դիվանագետը` հավելելով. - «Քաղաքացիական հասարակության ձեւավորման ջանքերը տարածաշրջանային բնույթ կկրեն, իսկ օրենսդրական մակարդակներում բոլոր 6 երկրների խորհրդարանների հետ միաժամանակ ենք աշխատելու»:

Ներգաղթի ոլորտում, ըստ Ֆրիզելի, Եվրամիության նպատակը ազատ վիզային ռեժիմի ստեղծումն է, որը թույլ կտա Արեւելյան գործընկերության ծրագրի երկրներին ընդգրկել Շենգենյան համաձայնագրի գոտում:

Ամերիկացի դիվանագետների հետ զրույցում Շվեդիայի արտգործնախարարության ներկայացուցիչը նաեւ նշել է, որ Արեւելյան գործընկերության ծրագիրը առանձնանալու է ժամկետների հստակությամբ:

«Օրինակ` ազատ առեւտրի շուրջ համաձայնագրերի ստորագրման վերջնաժամկետը 2012 թվականն է: Սա, փաստորեն, այս 6 պետություններին ուղղված հրավեր է` մաս կազմել Եվրամիության ներքին շուկային», - շվեդ դիվանագետի խոսքերն են փոխանցել Ստոկհոլմում ամերիկյան դեսպանության աշխատակիցները:

Այս զրույցի ընթացքում Ֆրիզելը նաեւ նկատել է, որ Արեւելյան գործընկերության ծրագրի հաջող իրագործումը կարող է կարեւորագույն երկարաժամկետ ազդեցություն ունենալ եվրոպական անվտանգության առումով:

«Փոփոխությունների կենթարկվեն ծրագրին մաս կազմող պետությունների հասարակությունները, ինչն այդ պետություններին ավելի կմոտեցնի Եվրոպական Միությանը», - նշել է Ֆրիզելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG