Մատչելիության հղումներ

logo-print

Ալեն Ժյուպե. «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հիմնարար սկզբունք է»


«Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հիմնարար սկզբունք է», - հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն` չորեքշաբթի օրը երկրի խորհրդարանում պատասխանելով Ղարաբաղյան գործընթացին վերաբերող հարցին:

Հարցը Ֆրանսիա - Հայաստան բարեկամության խմբի անդամների անունից նախարարին է ուղղել պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը` հետաքրքրվելով, մասնավորապես, թե ի՞նչ նախաձեռնություններով է հանդես գալիս պաշտոնական Փարիզը` որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում: Այդ կարգավիճակը, հայամետ խորհրդարանականի համոզմամբ, պետք է հիմնված լինի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա:

Ռոշբլուանը հիշեցրել է, որ Ղարաբաղը իր բնակչության կամքին հակառակ Ադրբեջանի կազմում է հայտնվել Խորհրդային Միության կոմկուսի որոշմամբ եւ «Խորհրդային Միության փլուզումից հետո վերանվաճել է իր ազատությունը մեծ տառապանքների գնով»: Այդուհանդերձ, ընդգծել է ֆրանսիացի խորհրդարանականը, Մինսկի խումբը մերժում է կարգավորման բանակցություններին մասնակցելու` Ղարաբաղի իշխանությունների իրավունքը:

Ֆրանսուա Ռոշբլուանը նշել է, որ նախօրեին ֆրանսիական խորհրդարան էր այցելել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը` փոխանցելու իր ակնկալիքները Ֆրանսիայից` Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Ֆրանսիացի խորհրդարանականը ընդգծել է նաեւ, որ «պատերազմի վտանգները իրական են», եւ շփման գծում հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտվում է:

Ի պատասխան` Ալեն Ժյուպեն, ով Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարությունը ստանձնել է շուրջ տասն օր առաջ, հավաստիացրել է, որ Ֆրանսիան հետեւողական է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ բանակցությունների ճանապարհով կարգավորմանը հասնելու իր ջանքերում, հակամարտություն, որը չկարգավորված է մնում հրադադարի հաստատումից ի վեր անցած շուրջ մեկեւկես տասնամյակի ընթացքում:

«Բանակցությունների ձեւաչափը էվոլյուցիա է ապրել ժամանակի ընթացքում», - նշել է Ժյուպեն` հավելելով. - «Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունները այլեւս բանակցությունների մասնակից չեն, քանի որ, հիշեցնեմ, աշխարհի որեւէ երկիր չի ճանաչել այդ տարածաշրջանի կողմից հռչակված անկախությունը»:

Ֆրանսիայի արտգործնախարարը հիշեցրել է, որ երկրի նախագահը եւ նրա ամերիկացի ու ռուսաստանցի գործընկերները Մեծ ութնյակի Մուսկոկայի եւ լ՛Աքվիլայի գագաթնաժողովների շրջանակներում մատնանշել են այն բազային սկզբունքները, որոնց վրա պետք է հիմնված լինի Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Նա նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները այդ սկզբունքների շուրջ բանակցելու իրենց պատրաստակամության մասին հայտարարել են ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթնաժողովի, ինչպես նաեւ դրան նախորդած աստրախանյան հանդիպման ժամանակ: Ժյուպեն նաեւ կառուցողական է համարել նախագահների` անցած շաբաթ օրը Սոչիում կայացած հանդիպումը` «Մինսկի խմբի համանախագահների կողմից պատրաստված խաղաղ կարգավորման բազային սկզբունքները ընդունելու համար»:

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր խոսքը ամփոփել է այսպես. - «Եվ անշուշտ, մեզ համար ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հակամարտության ցանկացած կարգավորման հիմնարար սկզբունքն է»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG