Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը պաշտոնական այցով գտնվում է Լատվիայում


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լառվիայի նախագահ Վալդիս Զալտերսի հետ համատեղ մամուլի ասուլիսում: 9-ը մարտի, 2011թ.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լառվիայի նախագահ Վալդիս Զալտերսի հետ համատեղ մամուլի ասուլիսում: 9-ը մարտի, 2011թ.

Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը պաշտոնական այցով ժամանել է Լատվիայի Հանրապետություն:

Արդեն տեղի է ունեցել Հայաստանի եւ Լատվիայի նախագահների առանձնազրույցը, երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Վալդիս Զատլերսը գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին տարիներին փոխայցելությունների եւ բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում ակտիվացել է Հայաստանի եւ Լատվիայի միջև քաղաքական երկխոսությունը, զարգացել են կապերը մշակութային, կրթական եւ մի շարք այլ ոլորտներում:

Նախագահների հատուկ ուշադրություն են հատկացրել հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությանը, ինչպես նաև Երեւանում եւ Ռիգայում դեսպանատների հիմնմանը:

Հանդիպման ավարտին ստորագրվել են Հայաստանի եւ Լատվիայի միջեւ 2011-2013թթ. մշակութային համագործակցության ծրագիր, ինչպես նաեւ երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջեւ եվրամերձեցման ոլորտում համագործակցության մասին արձանագրություն:

Սերժ Սարգսյանն եւ Վալդիս Զատլերսը հանդես են եկել համատեղ ասուլիսով:

Հայաստանի նախագահը իր ելույթում անդրադարձել է, մասնավորապես, երկու երկրների միջեւ համագործակցությունը զարգացման մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու «առկա բարենպաստ նախադրյալներին»` առանձացնելով առեւտրատնտեսական կապերը, զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, մշակույթը, միջխորհրդարանական կապերը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններում եւ հատկապես` եվրամերձեցման բնագավառում փոխգործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը:

«Նշեմ, որ հայ-լատվիական համագործակցությունը մենք դիտում ենք նաեւ Հայաստանի եվրամերձեցման քաղաքականության համատեքստում: Գործընկերոջս հետ համակարծիք էինք, որ Արևելյան գործընկերությունը նոր հեռանկարներ է ստեղծում եւ որակական այլ հարթություն է տեղափոխում Եվրամիության եւ անդամ երկրների հետ մեր համագործակցությունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լատվիան Արեւելյան գործընկերության ջատագովներից է եւ հարուստ փորձ ունի եվրաինտեգրման բնագավառում՝ պայմանավորվեցինք այս ուղղությամբ եւս ակտիվացնել մեր գործակցությունը», - ասել է Հայաստանի նախագահը:

Ասուլիսում Սերժ Սարգսյանը նշել է, որ լատվիացի գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները` վերահաստատելով հայկական կողմի դիրքորոշումը, որ Հայաստանը հավատարիմ է հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափով խաղաղ կարգավորելու հանձնառությանը։

Պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի նախագահը հանդիպել է Լատվիայի խորհրդարանի խոսնակ տիկին Սոլվիտա Աբոլտինայի հետ:

Երկու նախագահները մասնակցել են հայ-լատվիական գործարար համաժողովի բացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG