Մատչելիության հղումներ

Պետության կողմից ֆինանսավորվող գիտական թեմաների թիվը խիստ կրճատվել է


Գիտությունների ազգային ակադեմիա

Գիտությունների ազգային ակադեմիա

Հայաստանում հաստատվել է գիտության բնագավառում թեմատիկ հայտերի ֆինանսավորման նոր կարգ, որի արդյունքում մինչեւ 2010 թվականը գոյություն ունեցող 710 գիտական թեմաներից այժմ ֆինանսավորում կստանան ընդամենը 95-ը:

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը չորեքշաբթի օրը լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց, որ իր, ինչպես նաեւ նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մինչեւ 2010 թվականը գոյություն ունեցող թեմատիկ ֆինանսավորումը չափազանց մեծ է եղել Հայաստանի նման փոքր երկրի համար:

«Մենք հասկացանք, որ թեմատիկ ծրագրերի այդ բազմազանությունը, որ կար Հայաստանի Հանրապետությունում մինչեւ 2010 թվականը (ունեցել ենք 710 թեմաներ) շատ մեծ թիվ էր կազմում: Այդքան ակտուալ թեմաներ 3 միլիոն բնակիչ ունեցող Հայաստանում չէր կարող լինել: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ թեմաների մեծ մասը բազային ծրագրերի իդեալական կրկնություն էր, փաստորեն նույն բանի համար պետությունը կրկնակի ֆինանսավորում էր տրամադրում», - ասաց Հարությունյանը:

Հարությունյանը անդրադարձավ նաեւ ակադեմիական տարբեր ինստիտուտների, այդ թվում Մատենադարանի գիտաշխատողների այս տարվա աշխատավարձերը չստանալու խնդրին: Վերջիններս հունվարի աշխատավարձերը դեռ նոր-նոր են սկսել ստանալ, եւ միայն այն բանից հետո, երբ հեռագիր են ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանին այն մասին, որ մինչ այդ օրը աշխատավարձ չեն ստացել:

«Պատճառ կա դրա համար. հիմնարկները մինչեւ ֆինանսական պայմանագրերը չստորագրեն, ֆինանսավորում չի բացվում: Պայմանագրերի նոր ձեւերը հունվարի 26-ից ուղարկվել են հիմնարկներ, մինչեւ դրանք չստորագրեին, չբերեին հաստատման, ֆինանսավորումը չէր բացվի», - բացատրեց Հարությունյանը:

Մինչդեռ գիտաշխատողների կողմից շրջանառվում է այն լուրը, թե իրենց ֆինանսավորումը դադարել է ֆինանսական չարաշահումների պատճառով, որ թույլ է տվել գիտության պետական կոմիտեի նախագահի աշխատակազմի ղեկավարը, որն էլ վերջերս է հեռացվել աշխատանքից: Հարությունյանը, սակայն, հերքեց, որ աշխատակազմի ղեկավարը աշխատանքից հեռացվել է այդ պատճառով:

«Աշխատակազմի ղեկավարի հեռացման մասին իրեն հարցրեք, նա իր դիմումի համաձայն է դուրս եկել աշխատանքից», - ասաց նա` չհերքելով, որ նախագահի Վերահսկողական ծառայության անցկացրած ստուգումներից հետո չարաշահումներ էին հայտնաբերվել Գիտության պետական կոմիտեում, սակայն, ըստ նրա, դրանք ֆինանսական բնույթի չարաշահումներ չեն եղել:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG