Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի վարչական դատարանը չորեքշաբթի օրը մերժեց Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին տնօրեն Մերուժան Ենգիբարյանի հայցը՝ վերջինիս աշխատանքից ազատելու մասին Կրթության եւ գիտության նախարարի հրամանը անվավեր ճանաչելու վերաբերյալ:

Հայցվոր կողմը պահանջում էր անվավեր ճանաչել նախարար Արմեն Աշոտյանի` նախորդ տարվա մայիսի 31-ին ստորագրած հրամանը եւ վերականգնել Ենգիբարյանին նախկին պաշտոնում:

Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի տնօրենը, հիշեցնենք, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով աշխատանքից ազատվեց այն բանից հետո, երբ դատարանում ապացուցվեց, որ նույն դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանը «անառակաբարո գործողություններ» է կատարել դպրոցի սաների նկատմամբ եւ դատապարտվեց 2 տարի ազատազրկման: Այնուհետեւ Վերաքննիչ դատարանը եւս 1 տարով խստացրեց նրա պատժաչափը:

Հայցվոր կողմի՝ Ենգիբարյանի շահերը դատարանում ներկայացնող Մելսիկ Մանուկյանը դատական այսօրվա նիստին չէր ներկայացել:

Պատասխանող կողմի ներկայացուցիչ՝ ԿԳ նախարարության
իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Լիլիթ Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե նախարարի հրամանը հիմնավոր է եղել թե' օրենքի եւ թե' բարոյական տեսանկյունից եւ ինքն այլ վճիռ դատարանից չէր ակնկալում, սակայն նաեւ համոզմունք հայտնեց, թե հայցվոր կողմը կբողոքարկի դատարանի վճիռը:

Հատուկ դպրոցում տեղի ունեցող արատավոր երեւույթների մասին առաջինը բարձրաձայնած ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը նիստից հետո «բարոյական վճիռ» որակեց այսօր հրապարակված դատական ակտը եւ ասաց, թե սա նվազագույնն էր ինչ կարող էր անել դատարանը եւ որ Մերուժան Ենգիբարյանը եւս պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG