Մատչելիության հղումներ

Հայաստանյան մոտ հինգ տասնյակ հասարակական կազմակերպություններ միավորող «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը չորեքշաբթի օրը ներկայացրեց 2010 թվականին Հայաստանի իշխանությունների կողմից «Եվրոպական հարեւանության» քաղաքականության Գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ զեկույցը` շեշտելով, մասնավորապես` թե Հայաստանը «առաջին անգամ բախվեց քաղաքական բանտարկյալներ ունենալու խնդրին»:

«Առաջին անգամ Հայաստանը բախվեց քաղաքական բանտարկյալներ ունենալու խնդրին, եւ նրանց մի մասը դեռեւս անազատության մեջ է: Չնայած նրանց մի մասը հաջորդաբար ազատ է արձակվում¸ սակայն կառավարության¸ ընդդիմության եւ ընդհանրապես հասարակության միջեւ առկա լարվածությունը կշարունակվի դեռ այնքան ժամանակ¸ քանի դեռ կառավարությունը հապաղում է ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին¸ ինչպես նաեւ ուսումնասիրել եւ վերականգնել նրանց իրավունքները», - ասված զեկույցում:

Անդրադարձ կա նաեւ հավաքներ կազմակերպելու ազատությանը: Նշվում է, մասնավորապես, որ «գործնականում ընդդիմության եւ հասարակական կազմակերպությունների հանրահավաքները մշտապես արգելվում են»:

Ընդհանուր առմամբ, նշվում է, որ նախորդ տարիներին արձանագրված «հակաժողովրդական գործընթացների մեծ մասը շարունակվել է նաեւ 2010 թվականին». - «Շարունակվել է ոստիկանության կողմից ուժի կիրառման պրակտիկան, բանակում արձանագրվել են ստորացումների դեպքեր` մահվան ելքերով, եւ նախորդ տարվա համեմատության աճել է բանակում մահացության ցուցանիշը: Հակաժողովրդական գործողությունների շարունակվող ընթացքը արդեն իսկ հանգեցրել է երկրից արտագաղթի տեմպերի ավելացմանը», - նշված է զեկույցում:

Զեկույցի հեղինակները արտագաղթը կանխելու միակ ճանապարհը համարում են «իրական ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը»:

Զեկույցի փորձագետ, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք զեկույցի արձանագրումները վկայում են, որ Հայաստանի իշխանությունները չեն կատարում Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագիրը, ասաց. - «Այստեղ ավելի շատ իմիտացիոն գործընթացների հետ գործ ունենք», տեղի են ունենում «փաստաթղթային փոփոխություններ», որոնք, սակայն «ըստ էության չեն անդրադառնում մարդու իրավունքների վիճակի բարելավման վրա»:

«Հստակ է, որ քաղաքական իրավունքների առումով Հայաստանի քաղաքացին ավելի պաշտպանված չէ, քան դա եղել է 2004 թվականին, երբ նախաձեռնվել է այդ Եվրոպական հարեւանության քաղաքականությունը», - ասաց Նավասարդյանը` հավելելով, որ որոշ ոլորտներում իրավիճակը «միանշանակ» վատացել է. - «Ես մասնագիտորեն կարող եմ հստակ խոսել միայն լրատվամիջոցների մասին. խոսքի ազատության առումով, լրատվամիջոցների պաշտպանվածության առումով Հայաստանում վիճակը վատթարացել է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG