Մատչելիության հղումներ

Մարտի 9-ի մամուլ


«Երբ 2010 թվականի դեկտեմբերին Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ ՀՀԿ 20-ամյակի նվիրված հանդիսավոր արարողության ընթացքում, իշխանական քարոզչությունն այդ ելույթը անմիջապես փորձեց ներկայացնել որպես Հայաստանում բարեփոխումների լուրջ գործընթացի վճռական մեկնարկ», - հիշեցնում է «Ժամանակ» օրաթերթը եւ շարունակում. - «Ամեն ինչ արվում էր հասարակությանը համոզելու համար, որ Սերժ Սարգսյանը ձեռքը խփել է սեղանին ու ասել. «Վերջ, հերիք եղավ, բոլ եղավ»: Նա իսկապես բավական կոշտ գնահատական տվեց երկրում առկա տնտեսաքաղաքական, սոցիալական վիճակին, կոռուպցիայի եւ կաշառակերության վտանգավոր չափերին: Ավելին, եթե այդ ելույթը կարդար Հայաստանի իրավիճակին մի քիչ անծանոթ մարդ, ապա կարող էր մտածել, թե դա ոչ թե գործող նախագահի, այլ ընդդիմության առաջնորդի ելույթ է»: Արձանագրելով, որ առաջիկա օրերին կլրանա ելույթի եռամսյա տարեդարձը` թերթը գնահատում է. - «Անցած ժամանակահատվածի ընթացքում հասարակությունը ոչ թե ավելի ու ավելի հակվեց այն մտքին, որ իսկապես Հայաստանում տրված է լուրջ բարեփոխումների մեկնարկ, այլ աստիճանաբար հասկացավ, որ ելույթի տաք հետքով ձեւավորված իր ակնկալիքները անիմաստ եւ զուր էին: Անցած ժամանակահատվածի ընթացքում տեղի չի ունեցել բացարձակապես որեւէ նշանակալից, քիչ թե շատ հիմնավոր իրադարձություն, իշխանության որեւէ խորքային քայլ, որը կվկայեր, որ իշխանությունն իսկապես որոշել է լուրջ բարեփոխումների միջոցով էապես թեթեւացնել Հայաստանում առկա ծանր վիճակը, լիցքաթափել սոցիալ-հոգեբանական, տնտեսաքաղաքական ճգնաժամն ու նպաստավոր պայմաններ ստեղծել հիմնավոր եւ խորքային զարգացման գործընթացներ սկսելու համար»:

Ղարաբաղյան հակամարտության համատեքստում «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. - «Գիտե՞ք, թե ինչու է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը ոչ թե պաշտպանության նախարարը, այլ երկրի նախագահը: Որովհետեւ պաշտպանության նախարարը միայն բանակն է ղեկավարում, մինչդեռ պատերազմի ժամանակ «կռվում են» ե'ւ տնտեսությունները, ե'ւ մշակույթները, ե'ւ քարոզչությունը, ե'ւ դիվանագիտությունը, իսկ այդ բոլորը ղեկավարում է նախագահը: Պարզ ասած` պատերազմի դեպքում բանակն ընդամենը բաղադրիչներից մեկն է: Ու հիմա եթե հերթով նայում ենք այդ բաղադրիչները, պարզվում է, որ տնտեսության ոլորտում պարտվել ենք, դիվանագիտության ոլորտում պարտվել ենք, քարոզչության ոլորտում պարտվել ենք, եւ առայժմ միայն բանակն է, որ չի պարտվել (հաջողությամբ կատարել է իր առաջադրանքը): Բայց դա, ցավոք, քիչ է: 1918-ին էլ Հայաստանը կանոնավոր բանակ ուներ, ու լավ էլ մարտունակ բանակ էր (հիմնականում ցարական բանակի նախկին զինվորներ էին), բայց Կարսը հանձնեցինք առանց կրակոցի: Կարծում եք` զինվորները հրացանները շպրտում ու գնում էին տուն, որովհետեւ վախենո՞ւմ էին թշնամուց: Ոչ` իհարկե: Տուն էին գնում, որովհետեւ տանը համաճարակ էր, ուտելու բան չկար, ու երեխաները սովից մեռնում էին: Այսօրվա հետ զուգահեռներ չենք անցկացնում, պարզապես արձանագրում ենք, որ միայն բանակի մարտունակութունը քիչ է»:

«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը հակադարձում է վրացական պետհամարանիշներով մեքենատերերի բողոքի առնչությամբ վարչապետի ներկայացրած վերջին պարզաբանումներին: Տիգրան Սարգսյանն ասում էր` կարո՞ղ է պետությունը հանդուրժել, որ քաղաքացին հարկ չի վճարում, տվյալ դեպքում` ներմուծված վրացական համարանիշներով ավտոմեքենաների համար: Կարո՞ղ է պետությունը հանդուրժել, որ քաղաքացին օրենքը չի կատարում եւ խուսափում է հարկերից: Թերթի մեկնաբանությունը. - «Այս մարդի չի հասկանում, որ վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների տերերից կոպեկ անգամ պահանջելու իրավունք չունի, քանի դեռ մինչեւ վերջին կոպեկը չի ստացել այն հարկերը, որ օլիգարխները պարտավոր են վճարել, բայց չեն վճարում երկար տարիներ: Հիշո՞ւմ եք, թե իր վարչապետության նախկին երկու հունվարներին Սարգսյանը Տիգրանը ինչպես էր հոխորտում, թե հեսա խոշոր բիզնեսը բերելու է հարկային դաշտ: Իսկ իր վերջին հայտնի հարցազրույցում բառ անգամ չասաց, թե որքան չվճարված հարկ է գանձել խոշոր բիզնեսից: Որովհետեւ չի արել, եւ բոլորս գիտեինք, որ չի անելու: Որովհետեւ ավազակապետական ցանկացած կառավարություն մի առաքելություն ունի. ոչնչացնել մանր եւ միջին բիզնեսը եւ տեղ բացել օլիգարխների համար»:

«Կապիտալ»-ը գրում է. - «Երկու հարեւանների հետ փակ սահմաններ եւ արտաքին ցամաքային հաղորդակցության թույլ զարգացած ենթակառուցվածքներ ունեցող Հայաստանի համար իսկական «փրկություն» կարող է դառնալ «Հյուսիս-հարավ» անունը ստացած մայրուղին, որի վերակառուցման համար անհրաժեշտ գումարների մեծ մասի հարցը գրեթե լուծված է՝ ի դեմս Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ դեռեւս 2009 թվականի սեպտեմբերին կնքված պայմանագրի, ըստ որի՝ բանկը Հայաստանին տրամադրելու է 500 մլն դոլարի վարկ։ Բայց արի ու տես, որ սովորական «չինովնիկական անփութության» պատճառով ռազմավարական առումով հսկայական նշանակություն ունեցող այս ծրագրի «սայլը տեղից չի շարժվում»։ Ծրագրի իրականացման համար պատասխանատու գերատեսչությունը՝ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը, կարծես թե չի շտապում։ Հավանաբար, «սայլվորին» խթաններ են պետք»։
please wait

No media source currently available

0:00 0:04:49 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG