Մատչելիության հղումներ

logo-print
Գրեթե երեք տարի տեւած դադարից հետո այսօր Բեռնում վրացի եւ ռուս դիվանագետները կրկին քննարկելու են Ռուսաստանի` Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անդամակցելու հեռանկարները:

Վրաստանը մի շարք վերապահումներ ուներ կապված Ռուսաստանի անդամակցության հետ, իսկ 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո միակողմանիորեն ընդհատելով բանակցությունները` Թբիլիսին, փաստորեն, անորոշ ժամկետով արգելափակեց ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության գործընթացը:

Շաբաթասկզբին, սակայն, հայտնի դարձավ, որ Ռուսաստանի իշխանությունները պաշտոնապես դիմել են վրացական կողմին` բանակցությունները վերսկսելու առաջարկով:

«Վրաստանը մշտապես կողմ է եղել բանակցությունների վերսկսման գաղափարին: Ինչ վերաբերում է առաջիկա բանակցությունների կոնկրետ մանրամասներին` ապա դրանց մասին խոսելը վաղաժամ է», - Թբիլիսիում հրավիրած ասուլիսի ընթացքում նախօրեին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Նիկոլոզ Վաշակիձեն:

Չնայած դրան, Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին ակնարկել է, որ Վրաստանի կողմից Ռուսաստանին ներկայացվելիք առանցքային առաջարկությունը մեկն է լինելու` համատեղ մաքսային հսկողություն իրականացնել ռուս-աբխազական եւ ռուս-հարավօսական սահմանային անցակետերում:

Վրացական կողմը ելնում է այն իրողությունից, որ սահմանի այդ հատվածները միջազգային հանրության կողմից շարունակում են ճանաչվել որպես Վրաստանի անբաժանելի մաս:

«Մեր միակ խնդրանքը Առեւտրի համաշխարհային կազմակերպության բոլոր կանոնների պահպանումն է: Դրանց համաձայն պետությունների միջեւ սահմաններն ու մաքսային անցակետերը պետք է թափանցիկ գործեն: Ցավոք սրտի` այսօր երկու նման անցակետեր կան Աբխազիայի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ Հարավային եւ Հյուսիսային Օսիայի սահմանագծին, որոնք չեն կարող թափանցիկ համարվել», - ասել է Վրաստանի վարչապետը:

Ռուսաստանցի փորձագետները եւս կարծում են, որ այսօր Բեռնում մեկնարկող բանակցություններում կողմերը հիմնականում քննարկելու են համատեղ մաքսային հսկողության հեռանկարները:

Մոսկվացի վերլուծաբան Ալեքսեյ Վլասովը «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայությանը տված հարցազրույցում ասել է. - «Աբխազիայում եւ Հարավային Օսիայում գտնվող մաքսային անցակետերում համատեղ վերահսկողության սահմանման հարցը բավական ժամանակ կխլի կողմերից, բայց որոշակի փոխզիջման հնարավորություն առկա է: Այդ փոխզիջումն ակնհայտորեն ձեռնտու կլինի թե՛ վրացական, եւ թե՛ ռուսական կողմերին: Այսօր մի իրավիճակ է ստեղծվել, երբ ո՛չ Թբիլիսին, եւ ո՛չ էլ Մոսկվան շահագրգռված չեն իրենց տեսակետը մինչեւ վերջ առաջ մղելու մեջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG