Մատչելիության հղումներ

1915-ին զոհված հայ մտավորականներն ընդգրկվել են Թուրքիայում սպանված լրագրողների ցանկում


Թուրքիա – Ակցիա Ստամբուլի Թաքսիմ հրապարակում` 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, Ստամբուլ, 24-ը ապրիլի, 2010թ.

Թուրքիա – Ակցիա Ստամբուլի Թաքսիմ հրապարակում` 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, Ստամբուլ, 24-ը ապրիլի, 2010թ.

Թուրքիայի ժամանակակից լրագրողների ընկերակցությունը, որի գրասենյակը գտնվում է Անկարայում, Մեծ եղեռնին զոհ գնացած հայազգի 10 մտավորականների ընդգրկել է Թուրքիայում սպանված լրագրողների ցանկում։

Ընկերակցությունը մտադիր է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, միջոցառում անցկացնել:

Ցանկում ավելացված անունների շարքում են գրող, հրապարակախոս Գրիգոր Զոհրապը, ով երեք անգամ եղել է Օսմանյան Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, հայտնի պոետներ Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Զարդարյանը ու արեւմտահայ գրականության 6 այլ առաջադեմ ներկայացուցիչներ։

Ժամանակակից լրագրողների ընկերակցության նախագահ Ահմեթ Աբակայը Hurriyet Daily News-ին տված հարցազրույցում ասել է, թե ընկերակցությունը ուշացումով է կատարում այս քայլը, որովհետեւ մինչ այս անհրաժեշտ փաստաթղթերի չէր տիրապետում Թուրքիայում սպանված լրագրողների ցանկում հայ մտավորականներին ընդգրկելու համար։

«Մենք դա հասկացանք, երբ «Ձերբակալված լրագրողների համերաշխության պլատֆորմ»-ի կազմած ցանկը հասավ մեզ։ Լրագրող Ալի Բայրամօղլին ապրիլի 24-ին գրել էր հայազգի սպանված լրագրողների մասին եւ մենք հասկացանք, որ մենք թերի ցանկ ունենք։ Այժմ մենք օգնություն ենք ակնկալում ցանկում ավելի շատ անուններ ավելացնելու համար»,- ասել է նա։

Թուրքիայում սպանված լրագրողների ցանկում 76 անուն է ընդգրկված: Մինչ այժմ ցանկում հայազգի միայն մեկ անուն կար՝ Հրանտ Դինքի անունը, ով սպանվեց Ստամբուլում 2007 թվականին։

Պատասխանելով հարցին, թե ցանկում ավելացնելով հայազգի լրագրողներին` արդյոք մտավախություններ չունեն հնարավոր բացասական արձագանքի կապակցությամբ, Ահմեթ Աբակայը պատասխանել է. - «Ես կցանկանայի տեղեկատվություն ունենալ եւ այս արմատական քայլը կատարել նախկինում։ Մենք` թուրք ժողովուրդս, դժբախտաբար ոչինչ չգիտենք, ճշմարտությունը թաքցրել են մեզանից։ Անցյալում գործած սխալները պետք է քննարկվեն, եթե համարում ենք որ երկրում լիարժեք ժողովրդավարության կա»:

«Դա հանցագործություն է` ժողովրդից թաքցնել այս անունները, որոնք իրենց ներդրումն են ունեցել թուրքական մամուլում։ Նրանք բոլորը այս երկրի քաղաքացիներ են։ Նրանք սպանվել են ինչպես Աբդի Իրեկչին, Ուքյուր Մումչուն եւ մյուսները», - հավելել է լրագրողական կազմակերպության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG