Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳՆ-ն հակադարձում է բանակցային գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի պնդումներին


Շավարշ Քոչարյան
Շավարշ Քոչարյան
Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը արձագանքել է պաշտոնական Բաքվի պնդումներին, թե մարտի 5-ին Սոչիում կայացած նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում «աննշան, բայց դրական փոփոխություններ են նկատվել պաշտոնական Երեւանի դիրքորոշումներում»:

Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը տարածել է Քոչարյանի պարզաբանումը, որում նա, մասնավորապես, նշել է. - «Ժամանակն է, որ Բաքուն փոխի իր չակերտավոր «կառուցողական» դիրքորոշումը` առանց չակերտների կառուցողական դիրքորոշման»:

«Մենք կարիք չունենք փոխելու մեր դիրքորոշումը, քանի որ, ինչպես նշել է արտգործնախարարը Վիեննայում մարտի 3-ին կայացած Մշտական խորհրդի նիստում, Հայաստանն «այո» է ասել մադրիդյան առաջարկներին: Դրանից մի քանի շաբաթ առաջ համանախագահները, ելույթ ունենալով ԵԱՀԿ խորհրդում, կոչ են արել կողմերին հստակ «այո» ասել վերջին առաջարկներին` առանց վերապահումների եւ փոփոխությունների: Քանի որ Հայաստանը արդեն իսկ «այո» է ասել առաջարկներին, ակնհայտ է, որ համանախագահները փոփոխություններ են ակնկալում Ադրբեջանից», - նշել է Հայաստանի փոխարտգործնախարարը:

Երկուշաբթի օրը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, որ Սոչիի հանդիպմանը հայկական կողմի դիրքորոշումը որոշակիորեն տարբերվում էր վերջին մեկուկես տարիներին բանակցային գործընթացում հայկական կողմի որդեգրած դիրքորոշումներից:

«Քանի որ բանակցություններում հայկական կողմի ցուցաբերած մոտեցումը մինչեւ օրս կատարելապես ապակառուցողական բնույթ ուներ, ապա այն փոքր տարբերությունը, որ հստակորեն նկատվում է, կարելի է դրական գնահատել», - հայտարարել էր Նովրուզ Մամեդովը` չհստակեցնելով, սակայն, թե հատկապես որն է եղել հայկական կողմի պահվածքում նկատված «դրական» փոփոխությունը:

Մամեդովը միայն որոշ ենթադրություններ էր հնչեցրել. - «Կարծում եմ, որ այս ժամանակահատվածում Հայաստանի ղեկավարները հասկանում են, որ եթե այսպես շարունակվի` իրենց դիրքորոշումը երբեք հաջողությամբ չի պսակվի եւ որոշակիորեն կփոխի իրենց նախանշած ծրագրերը, քանի որ ադրբեջանական կողմը խիստ արդարացի եւ կառուցողական դիրքորոշում է դրսեւորում` փորձելով հարցը լուծել խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով», - հայտարարել է Նովրուզ Մամեդովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG