Մատչելիության հղումներ

Պուտինի մասնակցությամբ բարեգործական համերգը` սկանդալի պատճառ


Ռուսաստան – Վարչապետ Վլադիմիր Պուտինը եւ ամերիկյան դերասանուհի Շարոն Սթոունը բարեգործական համերգի նախաշեմին, 11-ը դեկտեմբերի, 2010թ.

Ռուսաստան – Վարչապետ Վլադիմիր Պուտինը եւ ամերիկյան դերասանուհի Շարոն Սթոունը բարեգործական համերգի նախաշեմին, 11-ը դեկտեմբերի, 2010թ.

Ռուսաստանում վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ դեկտեմբերին տեղի ունեցած բարեգործական համերգի շուրջ ծագած սկանդալը նոր թափ է ստանում: «Հավատա երազանքին» բարեգործական համերգի ընթացքում հավաքված գումարը համերգից 3 ամիս անց իր նպատակակետին չի հասել:

Կազմակերպիչները հայտարարել էին, որ համերգից ստացվող հասույթը ուղղվելու է մանկական հիվանդանոցներին` հիվանդ երեխաների կարիքների համար:

Միջոցառմանը մասնակցում էին դերասաններ Շերոն Սթոունը, Ժերար Դեպարդյեն, Քեւին Քոստները, Միկի Ռուրկը, Քուրտ Ռասսելը եւ այլ հայտնի աստղեր, ովքեր համերգի ժամանակ ծափահարում էին Ռուսաստանի վարչապետին, ով այդ երեկո դաշնամուր էր նվագում եւ երգում ջազային Bluberry Hills երգը:

Բարեգործական այս համերգը լայնորեն լուսաբանվեց հեռուստատեսությամբ, ռեպորտաժներ եղան այն մասին, թե ինչպես են հոլիվուդյան աստղերն այցելում հիվանդանոցներ` քաղցկեղի եւ այլ ծանր հիվանդությունների դեմ պայքարող երեխաներին, իսկ դերասանուհի Շերոն Սթոունը 13 ամյա Լիզա Կուզնեցովայի պալատ է մտնում ու հիվանդ երեխային նվիրում իրեն` հանրահայտ դերասանուհուն հաջողություն բերած թալիսմանը:

Պատմությունը զգացմունքային այս նոտայի վրա էր մինչեւ վերջերս, երբ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքէջում հրապարակվեց 13-ամյա հիվանդ աղջկա` Լիզա Կուզնեցովայի մոր բաց նամակը:

Նամակում ասվում էր, որ չնայած համերգից անցել է 3 ամիս, իրենք ոչ մի օգնություն չեն տեսել, մինչդեռ այդքան աղմուկից հետո իրենց մշտական հովանավորներն ու թանկարժեք բուժումն ապահովող ֆոնդերը մտածում են, որ հոլիվուդյան աստղերի հովանավորությունը վայելող աղջկան այլեւս օգնություն անհրաժեշտ չէ:

Լրատվամիջոցները սկսեցին հետաքրքրվել, թե որքան գումար է հավաքվել եւ կոնկրետ ինչ կարիքների համար է ծախսվել:

Համերգի կազմակերպիչ Վլադիմիր Կիսիլյովը կոնկրետ պատասխաններից հրաժարվել է: Նա լրատվամիջոցներին խորհուրդ է տվել ոչ մեկին չփնտրել եւ զբաղվել իրենց գործով:

Այդուհանդերձ, լրագրողները պարզել են, որ միջոցառումը կազմակերպած բարեգործական հիմնադրամը իրավաբանորեն գրանցվել է համերգից երկու շաբաթ անց, չունի կայքէջ, համերգի ժամանակ հավաքված գումարների մասին որեւէ հաշվետվություն չկա:

Հիմնադրամից լրագրողներին փոխանցել են, որ իրենք չեն զբաղվել գումարներ հավաքելով, իսկ համերգի բուն նպատակը եղել է պոտենցիալ հովանավորներին խնդիրը ներկայացնելն ու ծանոթացնելը:

Մինչդեռ իր բաց նամակում հիվանդ աղջկա մայրն ասում է, որ բարեգործական համերգի համար տոմսեր են վաճառվել, հայտնի դերասանների հետ նույն սեղանին նստելն արժեցել է մոտ 1 միլիոն ռուբլի, իսկ այդպիսի սեղանները եղել են տասնյակից ավելի:

Ծագած սկանդալի վերաբերյալ պարզաբանումներով է հանդես եկել վարչապետ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա ասել է, որ վարչապետը համերգին մասնակցել է որպես հյուր եւ կազմակերպչական հարցերի հետ առնչություն չի ունեցել: Վարչապետի խոսնակը հայտնել է, որ իրենք հետաքրքրվել են կազմակերպիչներից, թե ուր են գնացել գումարները եւ տեղեկացել, որ գումարներն ուղղվել են Մոսկվայի եւ Պետերբուրգի 3 հիվանդանոցներ` թանկարժեք սարքավորումներ եւ դեղորայք ձեռք բերելու համար: Պեսկովն հավելել է, որ իրենք հետեւելու են գործընթացին:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG