Մատչելիության հղումներ

Օրերս «Փրկենք կենդանիներին» բարեգործական-հասարակական կազմակերպության ակտիվիստները ահազանգել են ոստիկանությանը կենդանիների նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ: Նրանց խոսքով, առաջին անգամ Հայաստանում ոստիկանությունը ժամանել էր կենդանիների իրավունքները պաշտպանելու եւ նրանց կյանքը փրկելու համար:

«Փրկենք կենդանիներին» կազմակերպության ակտիվիստները պնդում են, որ «Նաիրի» կինոթատրոնի բակերից մեկի բնակիչը իր բակում ապրող շների հաչոցից ազատվելու համար որոշել էր նրանց փակել էր փոքր տարածքում, ցանկապատել այն ու այդպես սովամահ անել կենդանիներին:

«Մեկ ամբողջ գիշեր կենդանիները գտնվել են այդ փակ տարածքում, որտեղ հնարավոր չէր սնունդ հայթհայթել: Չորս շուն էին, առանձնացել էր բոլորին, կապել էր եւ տարածքը ցանկապատել էր, որպեսզի չկարողանային դուրս գալ այնտեղից», - պատմում է կազմակերպության ակտիվիստներից մեկը:

Մինչդեռ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ոստիկանության Կենտրոնի տեղամասային տեսուչների պետ Սահակ Հակոբյանը տեղեկացրեց, որ կենդանիներին վնաս չի հասցվել, նրանց նկատմամբ բռնություն չի կիրառվել:

Չնայած դրան, «Փրկենք կենդանիներին» կազմակերպության անդամները կիրակի` մարտի 6-ին ստորագրահավաք էին անցկացրել եւ հավաքել շուրջ 100 ստորագրությունը` ոստիկանությաւնը շնորհակալագիր տալու համար:

Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը պատժվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածով, որով սահմանվում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձնանց նկատմամբ տուգանքը սահմանվում է նվազագույն աշխատավարձի 80-100-ապատիկի չափով:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG