Մատչելիության հղումներ

Հայ փորձագետների կարծիքով` Մոսկվան փորձում է Ղարաբաղյան կարգավորման նոր ձեւաչափ ստեղծել


Հայաստանցի փորձագետների կարծում են, որ շարունակաբար կազմակերպելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները` պաշտոնական Մոսկվան փորձում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից դուրս ստեղծել Ղարաբաղյան խնդրի կարգավորման նոր ձեւաչափ:

Մարտի 5-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության վերջին պարբերությունում ասվում է. - «Նախագահները ընդգծեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով իրենց կանոնավոր շփումների կարեւոր նշանակությունը եւ պայմանավորվեցին դրանք շարունակել նույն ձեւաչափով` ի լրումն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի»:

Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը կարծում է, որ եթե միայն Ռուսաստանի դերն է ուժեղանում բանակցային գործընթացում, ապա Հայաստանի համար պարզապես ավելի դժվար կլինի վարել «այդ մանեւրի քաղաքականությունը»:

«Նկատի առնելով ե'ւ Ֆրանսիայում, եւ ԱՄՆ-ում հայկական կառույցների դերը, նշանակությունը եւ պարզապես երբ 2-3 դերակատարների հետ ես գործ ունենում, ավելի հեշտ է ինչ-որ մանեւրի հնարավորություն ունենալ», - կարծում է Մինասյանը:

Նա ավելացրեց, որ այդքանով հանդերձ պետք է հաշվի առնել նաեւ այն, որ այսօր Ռուսաստանը շահագրգռված չէ Ղարաբաղյան շփման գծում ռազմական գործողությունների վերսկսմամբ:

«Պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը ստիպված է լինելու ընտրություն կատարել` մի կողմից իր դաշնակից ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի եւ մյուս կողմից` բավականին կարեւոր էներգետիկ գործընկերոջ` Ադրբեջանի [միջեւ]», - ասաց Մինասյանը:

Իսկ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ավագ վերլուծաբան Մանվել Սարգսյանի գնահատմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից Ռուսաստանի ներկայիս ակտիվությունը ունի հետեւյալ բացատրությունը. - «Ես կարծում եմ, որ այս եռակողմ հանդիպումները իզուր չէ, որ հիմնականում շփման գծի վերաբերյալ են: Ես կարծում եմ` Ռուսաստանի դերը հենց դա է: Ըստ երեւույթին` եռանախագահող երկրները եկել են համաձայնության, որ հենց Ռուսաստանը ստանձնի պարտականությունը, որ խաղաղություն պահի այստեղ, որովհետեւ Ռուսաստանի ազդեցությունը կողմերի զինված ուժերի վրա մեծ է. Ռուսաստանն է զինում եւ կարող է շատ կտրուկ առաջարկներ անել եւ անգամ ուլտիմատումներ դնել»:

Սարգսյանի գնահատմամբ, այս հանգամանքը իրենից որոշակի վտանգ է ներկայացնում, քանի որ Ռուսաստանը ոչ միայն Ղարաբաղյան խնդրով է զբաղվում, այլ նաեւ մեծ ազդեցություն ունի երկրների ներսում, եւ իր ազդեցությունը կարող է ցանկացած պահի օգտագործել:

Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա ըստ Մանվել Սարգսյանի` կողմերը խնդրի կարգավորման ոչ մի տարբերակ էլ չեն քննարկել, «այլ ընդամենը խոսել են շփման գծի մասին»:

«Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո փաստորեն մինչեւ հիմա պրոցեսը օդում կախված էր, եւ կարծես թե նորից վերականգնվել է նախագահների հանդիպումը, եւ այն թեման, որ այնտեղ շոշափվեց, թույլ է տալիս մեզ ասել, որ հիմնականում պատերազմը կանխելու ինչ-որ միջոցառումներ են քննարկվել այնտեղ, ուրիշ ոչ մի բան», - կարծում է Սարգսյանը:

Ըստ Սարգսյանի` բանակցությունների յուրաքանչյուր փուլից առաջ շփման գծում հայ զինվորների սպանությամբ ադրբեջանական կողմը փորձում է «ավելի համոզիչ դարձնել իր շանտաժը»:

«Հայաստանը իրավունք չունի թեկուզ մեկ զինվոր կորցնել մի բանակցային փուլի համար, եւ այստեղ է, որ պիտի փոփոխություն մտցվի: Այն զրույցները, որոնք եղել են Հայաստանի կողմից Ադրբեջանին զսպելու, պիտի քաղաքականություն դառնա: Եթե բանակցություն է նշանակված, եւ մի հայ զինվոր է սպանվում, պետք է քայլ անել, պետք է օրինակ, ճանաչել Ղարաբաղը, կամ չգնալ բանակցությունների», - ասաց փորձագետը:

Սերգեյ Մինասյանի կարծիքով` առաջիկա ամիսներին բանակցային գործընթացում էական փոփոխություններ չեն սպասվում: Իսկ Մանվել Սարգսյանի գնահատմամբ` շատ բան կախված կլինի Հայաստանի ու Ադրբեջանի ներքին զարգացումներից:

«Ոչ ոք չգիտի, թե երկրների ներսում ինչ կկատարվի, կարող է, ասենք, Ադրբեջանում եւ Հայաստանում կատարվում են այնպիսի նուրբ քաղաքական փոփոխություններ, որոնք ահռելի ազդեցություն են թողնում բանակցությունների տրամաբանության վրա», - ասաց Սարգսյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:29 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG