Մատչելիության հղումներ

Թուրքիայում հեղաշրջման մեղադրանք է առաջադրվել եւս 5 լրագրողի


Թուրքիայում վարչապետ Ռեջեփ Էրդողանի իսլամիստական կառավարությունը տապալելու նպատակով դավադրություն կազմակերպելու մեղադրանք է ներկայացվել եւս 5 լրագրողի, նրանք ձերբակալվել են:

Նախօրեին նույն մեղադրանքով 2 ճանաչված լրագրողների նկատմամբ կալանավորման որոշում էր կայացվել, եւ լրագրողները` Նեդիմ Շեները, ով Հրանտ Դինքի սպանության որոշ մանրամասներ բացահայտող գրքի հեղինակն է, եւ Ահմեթ Շիքը, ով հեղինակել է «Էրգենեկոնի» մասին պատմող մի գիրք, այժմ սպասում են իրենց գործով դատավարությանը:

Ընդդիմությունը եւ անկախ լրատվամիջոցները պնդում են, որ Թուրքիայի կառավարությունը օգտագործում է դավադրությունների պատրվակը, «Էրգենեկոնի» գործը` Էրդողանի ընդդիմախոսներից ազատվելու համար:

Հունիսին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են նախատեսվում, եւ վարչապետ Ռեջեփ Էրդողանի «Արդարություն եւ վերածնունդ» կուսակցությունը ձգտում է պահպանել իշխանությունը:

Եվրամիությունը, Միացյալ Նահանգները եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները ահազանգ են հնչեցրել Թուրքիայում լրագրողների ձերբակալությունների եւ խոսքի ազատության սահմանափակումների առնչությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG