Մատչելիության հղումներ

Թիվ 23 ընտրատարածքային հանձնաժողովը երկուշաբթի օրը գումարած նիստում որոշել է անվավեր ճանաչել մարտի 6-ին Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղում անցկացված համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրությունները:

«Տարբերություն կար քվեաթերթիկների թվերի եւ ընտրողների ցուցակի [միջեւ]: Այսինքն` կարող էին ընտրողներ լինել, որոնք չեն մասնակցել, որը կազդեր ընտրությունների արդյունքի վրա: Այդ հիմնավորումով [որոշեցինք] համարել անվավեր: 21 օր հետո` վերաքվեարկություն նույն առաջադրված թեկնածուների կազմվով», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր տեղեկացրեց ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վարդան Նիկողոսյանը:

Դարանակում գյուղում ընտրությունները նախ նշանակվել էին փետրվարի 27-ին, սակայն օրենքով սահմանված ժամկետում թեկնածուներ չէին առաջադրվել, ինչի պատճառով էլ ընտրությունների օրը տեղափոխվել էր, եւ արդեն մարտի 6-ին նախանշված ընտրություններում առաջադրվել էր 3 թեկնածու, գործող գյուղապետ Վլադիմիր Սարկիսյանը` Հանրապետական կուսակցությունից, նրա կուսակից Վահան Մարգարյանը եւ անկուսակցական Գյուլնազ Գրիգորյանը:

Ընտրությունների նախնական արդյունքներով, առավելագույն քվեներ էր ստացել գործող գյուղապետը:

Դարանակում ընտրությունների ընթացքն արտառոց էր այնքանով, որ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մինչեւ փետրվարի 24-ը ընտրողների թիվը եղել է 122, եւ Ընտրական օրենսգրքի համաձայն` ԿԸՀ-ն քվեարկությունից առաջ տպագրել է ընտրողների թվից 3 տոկոսով ավելի քվեաթերթիկներ, սակայն ընտրություններից 2 օր առաջ լիազոր մարմինը, այս դեպքում` Վարդենիսի անձնագրային բաժինը կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացրել վերջնական ցուցակ, որում ընտրողներ թիվը եղել է 181:

«Ազատություն» ռադիոկայանին այս կապակցությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Տաթեւիկ Օհանյանը ասել էր. - «Արհեստականորեն ավելացվել է ընտրողների թիվը, քանի որ մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, վերջին տասը տարվա ընթացքում Դարանակ համայնքում ընտրողների թվի նման կտրուկ աճ երբեւ է չի գնացվել»:

Հավելենք, որ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տվյալներով, փետրվարի 24-ից մինչեւ մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում 59 քաղաքացի դիմել է համայնքում հաշվառվելու համար: Գործող գյուղապետ Հանրապետական Վլադիմիր Սարկիսյանն ու անկուսակցական Գյուլնազ Գրիգորյանը մեղադրում էին իրենց մրցակից հանրապետական Վահան Մարգարյանին` այլ գյուղից Դարանակում ընտրողների թիվն արհեստականորեն ավելացնելու համար: Մարգարյանը հերքում էր մեղադրանքը:

Անձնագրային եւ վիզաների վարչությունը պարզաբանել էր, թե որեւէ սահմանափակում չկա քաղաքացու օրինական հիմքերով գրանցվելու դիմումը մերժելու: Այդուհանդերձ, փաստ է, որ ընտրողներից ոմանք զրկվել են ընտրելու իրավունքից` ինչն էլ ազդել է ընտրությունների ելքի վրա: Վերաքվեարկությունը Դարանակում կկայանա մարտի 27-ին:


Ընտրողներ` հարեւան գյուղի՞ց


Գյուղապետի թեկնածուներից մեկը` Դարանակի բնակիչ անկուսակցական Գյուլնազ Գրիգորյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կիրակի օրը հայտարարել էր, որ ընտրություններից առաջ գյուղում գրանցվել են այլ համայնքի բնակիչներ:

Ըստ նրա, այդ ամենի կազմակերպիչները համայնքի ղեկավարի մյուս երկու թեկնածուներն են` գործող գյուղապետ, Հանրապետական կուսակցության անդամ Վլադիմիր Սարկիսյանը եւ նույնպես հանրապետական Վահան Մարգարյանը:

Հանրապետական երկու թեկնածուներն էլ հերքեցին հարեւան գյուղից ընտրողներ ներգրավելու մասին մեղադրանքները:


Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG