Մատչելիության հղումներ

Սոչիում համատեղ հայտարարություն ընդունվեց


Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, Սոչի, 5-ը մարտի, 2011թ.
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, Սոչի, 5-ը մարտի, 2011թ.
Այսօր Սոչիում կայացած բանակցությունների արդյունքներով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` փաստաթղթում ասված է, որ երեք պետությունների ղեկավարները քննարկել են 2010 թվականի հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած նախորդ հանդիպման ժամանակ ընդունված եռակողմ հայտարարության գործնական իրականացման հարցերը: Մասնավորապես, նախագահները պայմանավորվել են ամենակարճ ժամկետներում ավարտել ռազմագերիների փոխանակումը:

Բացի այդ, փաստաթղթում ընդգծվում է «բոլոր վիճելի հարցերը խաղաղ միջոցներով լուծելու եւ հրադադարի գծի երկայնքով հնարավոր միջադեպերի` կողմերի մասնակցությամբ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ հետաքննություն իրականացնելու ձգտումը»:

«Նախագահները նշեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով իրենց կանոնավոր շփումների կարեւոր նշանակությունը եւ պայմանավորվեցին դրանք շարունակել նույն ձեւաչափով` ի լրումն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG