Մատչելիության հղումներ

Երկրապահ կամավորականների միության նախաձեռնությամբ Եռաբլուր պանթեոնում շաբաթ օրը կազմակերպվել էր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառում:

Ներկա էին Վազգեն Սարգսյանի ընտանիքի անդամները, նրա զինակիցներն
ու Երկրապահի անդամները եւ ղեկավարությունը, Երեւանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հավաքվածները ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Վազգեն Սարգսյանի ու զորավար Անդրանիկի շիրիմներին:

«Հպարտ եմ, որ եղել եմ սպարապետի զինակիցն ու բարեկամը», - իր ելույթում ասաց Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը:

«Սպարապետ Սարգսյանը պետական մարդ էր, պետական մտածողություն ուներ եւ պետական շահերը վեր էր դասում ամեն ինչից», - նշեց Մանվել Գրիգորյանը:

«Վազգեն Սարգսյանի մեծությունը զգացվեց ոչ միայն պատերազմի տարիներին, այլ նաեւ պատերազմից հետո` հանրապետության կայացման եւ հզորացման գործում, աշխարհի երկրների հետ հարաբերությունները կարգավորելու ժամանակ, եւ նրա ներկայությունը բավական էր, որ մեր պետության հետ հարաբերվելիս բոլորը զգաստանային», - հայտարարեց Երկրապահ կամավորականների միության նախագահը` հավելելով. - «Ես խոսում եմ այն, ինչ որ ես եմ տեսել` Բրյուսելում»:

Երկրապահ կամավորականների միության Պատանի երկրապահների ակումբի կազմակերպած միջոցառումն ընթացքի մեջ էր, երբ Եռաբլուր այցելեցին նաեւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ես կարծում եմ, որ հայրենիքի այն տեսլականը, որով ինքը մտավ գոյամարտ` որպես շարքային զինվոր, ապա` հրամանատար եւ սպարապետ, եւ հատկապես պետական ծառայության իր վերջին տարիների տեսած Հայաստանի հեռանկարը տակավին հեռու է մեզանից, եւ անհրաժեշտ է սրա համար իրավականություն, Հայաստանի քաղաքացու լիարժեք պաշտպանվածություն եւ արժանապատվություն», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ շարունակեց. - «Ես կարծում եմ, որ մենք դեռ հեռու ենք ազգային արժանապատվության, քաղաքացու ազատության եւ մեր ազգի միասնության հեռանկարից, որը սպարապետի պատգամներից մեկն է եղել»:

Վազգեն Սարգսյանի եղբայրը` «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ասաց. - «Վազգեն Սարգսյանը երազում էր, որ 21-րդ դարը մերը լինի: Ես էլ եմ երազում այդ մասին ու հույսս չեմ կորցրել: Դժբախտաբար, այսօրվա դրությամբ դեռ մերը չէ` նույնիսկ չենք սկսել այդ 21-րդ դարը մերը դարձնել: Ավելին, 99 թվականի հոկտեմբերի 27-ից հետո մնացինք 20-րդ դարում` այդպես էլ 21-րդ դար չմտանք: Ու մեր գոյությամբ, կեցությամբ, քաղաքական, սոցիալական, հասարակական վիճակներով գնում ենք 20-րդ դարի միջին, միջանկյալ ժամանակների մեջ` աֆրիկյան աշխարհի, երրորդ աշխարհի չափանիշներին հավասարվելով»:

Ավելի քան 700 պատանի երկրապահներ սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմի առաջ ծնկի իջած երդվեցին սիրել հայրենիքն ու հայոց բանակը եւ դառնալ Երկրապահի արժանի հետեւորդ:

Վազգեն Սարգսյանը այսօր կդառնար 52 տարեկան:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած աննախադեպ ահաբեկչությանը զոհ դարձան Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը եւ վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց ահաբեկչությունը իրականացրած Նաիրի Հունանյանին եւ նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի եւս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG