Մատչելիության հղումներ

logo-print

Մարտի 5-ի մամուլ


«Երկիր»-ը գրում է. - «Իշխանություններին ներկայացված ՀԱԿ-ի 15 պահանջներին անգամ հպանցիկ անդրադարձից պարզ է դառնում, որ դրանք ընդհանուր առմամբ բավական երկակի բնույթ ունեն: Դրանցից մի քանիսը` քաղաքական առումով ամենաէականները, արմատական են, ինչպես, օրինակ, վարչապետի գլխավորությամբ մի խումբ պետական չինովնիկների պաշտոնանկության, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջները: Բայց հիմնականում ներկայացված են պահանջներ, որոնք բխում են այս պահի սոցիալ-տնտեսական իրավիճակից, ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորություններից, որոնք, որքան էլ պոպուլիստական են, այնուամենայնիվ, իշխանություններին գործելու դաշտ են թողնում: Երկակիության այս էֆեկտով ՀԱԿ-ը փորձում է իշխանությանն այնպիսի երկընտրանքի առջեւ կանգնեցնել, որ ցանկացած տարբերակի ընտրություն տանում է դեպի թակարդ: Եթե իշխանությունն ընդունում է սոցիալ-տնտեսական իրավիճակով ու ստանձնած պարտավորություններով պայմանավորված պահանջները, իրենց մտածելակերպով ցույց է տալիս սեփական թուլությունը եւ վախը ՀԱԿ-ից ու նրա ձեռնարկած հանրահավաքային նոր շարժումից»:

«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Տեր-Պետրոսյանի վերջնագրի մեջ տարաշխարհիկ մի պահանջ կա` փոխհատուցել մարտիմեկյան իրադարձություններից տուժածների վնասները. զոհվածների ընտանիքներին մեկ միլիոն, մարմնական վնասվածքներ ստացածներին` «առնվազն 100 հազար» դոլարի չափով»։ Այս կապակցությամբ հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը թերթի թղթակցին ասել է. - «Ոչ մի նյութական փոխհատուցում չի կարող հետ բերել զոհերին։ Իսկ անընդհատ բորբոքել մարդկանց վիշտը եւ շահարկել` դարձնելով դա քաղաքական հարցեր լուծելու գործիք, կարծում եմ, որեւէ մեկին պատիվ չի բերում։ Ցավոք սրտի, կարմիր կովը կաշին չի փոխում` այսօր էլ ՀԱԿ-ը եւ իր առաջնորդը շարունակում են նույն ատելության, թշնամանքի քարոզչությունը` փորձելով բարձրացնել հեղափոխական շարքերի «մարտական ոգին եւ մարտունակությունը»:

«Ժամանակ»-ի թղթակիցը «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանին հարցնում է. - «Կոնգրեսի հանրահավաքում ընդունված փաստաթուղթը, Ձեր կարծիքով, քաղաքական դաշտում իրավիճակ փոխե՞ց արդյոք»: Պատասխան. - «Հաշվի առնելով այն մրցակցային մշակույթը, որ ստեղծվել է Հայաստանի քաղաքական դաշտում, երբ ընդդիմությունը պահանջ է ներկայացնում, իշխանությունը կտրուկ մերժում է այն, ամենակարճ ճանապարհն է դեպի առճակատում: Իշխանությունն, անկասկած, խիստ թուլացած է: Այսօրվա իշխանությունը մարտի 1-ի իշխանությունը չէ. նրանք էապես թուլացած են, եւ իշխանության կողմից նման ուժի կիրառումը կարելի է անգամ բացառել: Բայց պետք է հաշվի առնել նաեւ փաստը, որ իշխանության ներսում կա գվարդիա` նվիրված անհատներ ու խմբեր, որոնք պատրաստ են ատամներով պաշտպանել իշխանությունը: Կարծում եմ` ամենախելագար իշխանավորն անգամ գիտակցում է` որեւէ ուժի կիրառումը հավաքական ընդհանրության դեմ, ինչպիսին, օրինակ, Հայ ազգային կոնգրեսն է, ընկալվելու է հարված ժողովրդին»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Վերադառնանք Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Տարբերակներն այստեղ շատ չեն: Եթե Հայաստանն ազատ, անկախ, ինքնիշխան երկիր է, ուրեմն որեւէ այլ երկիր իրավունք չունի միջամտել մեր ներքին գործերին: Այդ դեպքում ամերիկյան դեսպանի ելույթն իսկապես կարելի է գնահատել որպես մեր ներքին գործերին միջամտելու փորձ, բայց մյուս կողմից էլ` այդ դեպքում մեր երկրում իշխանությունը պիտի պատկանի ժողովրդին, եւ ժողովուրդը պիտի իրավունք ունենա ազատ-արդար ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորել: Իսկ եթե Հայաստանն ազատ, անկախ, ինքնիշխան պետություն չէ, այլ ֆորպոստ, այդ դեպքում բոլոր գերտերությունները պիտի հնարավորություն ունենան «արդար մրցակցության մեջ» պայքարել ֆորպոստատիրոջ կարգավիճակի համար, եւ հասկանալի չէ, թե ինչու են իշխանությունները նախապատվությունը տալիս «գնորդներից» մեկին»:

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Հայկական ժամանակ»-ին ասում է. - «Ընդդիմության միավորումը չէի ցանկանա, որ արհեստական դաշինքների ձեւով լինի: Կարծում եմ, պետք է բոլորս հավաքվենք եւ խոսենք մեր միասնական գործողությունների ծրագրի մասին: Այդ ծրագրի իրականացման ինչ-որ մասի կամ փուլերի համար յուրաքանչյուրը իր վրա պարտականություն վերցնի, եւ դա, իմ կարծիքով, կարող է լինել մեր միասնական հանդես գալու պլատֆորմը: Հետո, երբ արդեն հստակ ունենանք գործողությունների ծրագիր, կարծում եմ, նաեւ կարելի է մնացած այլ խնդիրների շուրջ ունենալ ավելի արդյունավետ համագործակցություն»: Լրագրողը հարցնում է. - «Որքանո՞վ եք հավանական համարում հեղափոխական ալիքի բարձրացումը ՀՀ-ում»: Պատասխան. - «Այսօր մեր հասարակությանը ՀՀ իշխանությունները հեղափոխություն իրականացնելուց բացի այլընտրանք չեն թողել»: - «Այսինքն, անխուսափելի՞ եք համարում հեղափոխությունը»: - «Այլընտրանք չեն թողել»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG