Մատչելիության հղումներ

Խաչատուր Սուքիասյանի փաստաբանները դատարան կդիմեն


Խաչատուր Սուքիասյան
Խաչատուր Սուքիասյան
Հայաստանի Գլխավոր դատախազությունը մերժել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Սիլ գրուպ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի պաշտպանական կողմի բողոքը, որով Սուքիասյանի փաստաբանները պահանջում էին փոխել նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը:

Փետրվարի 14-ին ներկայացված բողոքով փաստաբանները պահանջել էին Սուքիասյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնել ոչ թե ապացույցների անբավարարության, այլ հանցակազմի բացակայության հիմքով: (Հատուկ քննչական ծառայությունը գործը «ապացույցների անբավարարության» հիմքով էր կարճել):

Սուքիասյանի փաստաբանները, դատախազի որոշումը համարելով անօրինական ու անհիմն, պատրաստվում են դատարան դիմել: Փաստաբաններ Արա Զաքարյանը եւ Արթուր Գրիգորյանը պնդում են, որ «այս որոշումը կրում է վերացական բնույթ, նշված չէ քրեական գործով ձեռք բերված որեւէ ապացույց»:

Ե'վ պաշտպանական կողմը, ե'ւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) իրավական աջակցության կենտրոնը համոզված են, որ դատախազությունը մակերեսորեն է վերաբերվել Խաչատուր Սուքիասյանի բողոքին, եւ որպես դրա ապացույց վկայակոչում են այն փաստը, որ բողոքի մերժման այս որոշումը թվագրված է 2008 թվականի օգոստոսի 27-ի ամսաթվով:

«Դա դատախազության հերթական քոփի-փեյսթն է, հերթական անգամ ստացվում է, որ Հայաստանի Գլխավոր դատախազությունը թքած ունի օրենքների վրա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի պատասխանատու Արմեն Խաչատրյանը:

Գլխավոր դատախազությունից պարզաբանեցին, որ կատարվածն ընդամենը տեխնիկական վրիպակ է, որոշումը փետրվարի 23-ին է կայացվել:

«Սիլ գրուպ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը քրեական հետապնդման էր ենթարկվում 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ: Նա մեղադրվում էր «զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Պատգամավորը հետախուզման մեջ էր մինչեւ 2009 թվականի սեպտեմբերի 2-ը, երբ կամավոր ներկայացավ իրավապահներին: Հատուկ քննչական ծառայություն ինքնակամ ներկայանալու հանգամանքը հաշվի առնելով` նախաքննական մարմինը 2009-ի սեպտեմբերի 4-ին փոխեց նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանքը, եւ որպես խափանման միջոց ընտրեց ստորագրությունը` չհեռանալու մասին: Շուտով Խաչատուր Սուքիասյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից, իսկ 2009-ի սեպտեմբերի վերջին մեկնեց Հայաստանից` դա պատճառաբանելով առողջական խնդիրներով:

ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպես մեկնաբանեց քննչական մարմինների ու դատախազության որոշումները. - «Իրավական առումով որեւէ տարբերություն չկա, թե ապացույցների անբավարարության հիմքով է քրեական հետապնդումը դադարեցվում կամ գործի վարույթը կարճվում, թե` հանցակազմի: Այդ անձինք հավասարեցված են արդարացման դատավճռով արդարացված անձանց կարգավիճակին: Բայց քանի որ այս դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությունը ուզում է ժողովրդին համոզի, թե իբր ինչ-որ ապացույց եղել է, որ Խաչատուր Սուքիասյանի կամ մնացած մեր տղաների նկատմամբ քրեական հետապնդում են սկսել, թեկուզ Ջհանգիրյանի նկատմամբ, դրա համար գործը կարճելիս քրեական հետապնդումը դադարեցնելիս, նրանք հիմք են ընդունում 35-րդ հոդվածի 2-րդ կետը: Որեւէ ապացույց ի սկզբանե չի եղել, չկա ու չէր էլ կարող լինել», - ասաց Ջհանգիրյանը:

Գագիկ Ջհանգիրյանը նաեւ տեղեկացրեց, որ Խաչատուր Սուքիասյանի քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերի վերաբերյալ բողոքը եւս ուղարկվելու է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

please wait

No media source currently available

0:00 0:04:29 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG