Մատչելիության հղումներ

Հայաստանցի փորձագետները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում վերլուծում են երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, աշխարհում կատարվող իրադարձությունների հնարավոր ազդեցությունը:

«Ծանրագույն վիճակ է երկրում: Իշխանությունները բացի ինչ-որ խոստումներից ի վիճակի չեն որեւէ բան անել, չի ստացվում: Կամ էլ, ավելի շուտ, ցանկություն չունեն որեւէ բան փոխելու: Եվ այս վիճակում փաստորեն ստացվում է, որ ինքնին Հայաստանի հասարակությունը պիտի որոշի` ինչ է անում եւ ինչ է փոխում: Հենց դա է, որ կոչվում է հեղափոխական վիճակ», - «Ազատություն» ռադիոկայանի զրույցում ուրբաթ օրը ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների ազգային կենտրոնի ավագ վերլուծաբան Մանվել Սարգսյանը:

Նրա խոսքով, դրա պատճառներից է, իհարկե, բնակչության ծանր սոցիալական դրությունը, բայց էական դեր ունեն նաեւ աշխարհում ընթացում զարգացումները. - «Բոլորն են սկսել երեւի ընկալել, առաջինը` հենց իշխանությունը, որ ընդհանրապես աշխարհում մոտեցումներ են փոխվում: Բնական է` այն, ինչ սկսվեց իսլամական աշխարհում, ջարդեց բոլոր այն կարծրատիպերը, որ հնարավոր է ամեն ինչ պահել նույն վիճակում, կտրուկ փոփոխություններ չլինեն… Այս ամեն ինչը էժանացել է: Դրանք արդեն ոչ մեկին չեն համոզում»:

Խոսելով առաջիկա ամիսներին հնարավոր զարգացումների մասին` փորձագետը ասաց. - «Դեռ ոչ մի բան չի փոխվել, որ պնդենք, թե նորից մարտի մեկեր չեն կարող լինել: Որեւէ բան չի փոխվել, եւ մենք ամեն օր ենք տեսնում փողոցում փոքր մասշտաբներով նման ընդհարումներ` ոստիկանություն եւ հասարակություն: Ամենակարեւոր հարցն այն է, թե ինչը կարող է Հայաստանի իշխանություններին ստիպել վերանայել գործելակերպը»:

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն Գեւորգ Պողոսյանի խոսքով, Հայաստանի ներքաղաքական կյանքում հիմնական է դառնում հարցը, թե` հնարավո՞ր է, թե՞ ոչ սոցիալական բունտը:

Նրա ձեւակերպմամբ` սոցիալական բունտի համար պարարտ հող կա. - «Իրոք սրվում է իրավիճակը: Մի կողմից` գների աճը, մյուս կողմից` կառավարությունը իր չմտածված քայլերով, կարծես թե, սրում է իրավիճակը: Նաեւ տեսնում եմ, որ կան ընդդիմադիր այնպիսի կուսակցություններ, որոնք պատրաստ են այդ բողոքը վերցնեն, ուղղորդեն, ձեւակերպեն ու քաղաքական հունով տանեն»:

Հասարակությունը Հայաստանում, սակայն, Պողոսյանի համոզմամբ, թուլացել է. - «Այսօր չի թուլացել, նա թուլացել է արտագաղթի հետեւանքով: Որովհետեւ երկրից դուրս են եկել կարող, տնտեսապես ակտիվ մարդիկ: Մենք 520 հազար թոշակառու ունենք, 186 հազար հաշմանդամ, մոտ 100 հազար գործազուրկ եւ տասնյակ հազարավոր նպաստ ստացող ընտանիքներ ունենք… Այս որակը հասարակության, դա այն որակը չէ, որ կարող է ուժեղ, ունակ ուժեր ծնել որեւէ փոփոխության համար»:

«Եթե ոչինչ չփոխվի, այս բոլոր միտումները, որ այսօր կան, շարունակվեն եւ պահպանվեն, մենք կունենանք հայաթափված հանրապետություն, որտեղ միգուցե 1.5 միլիոն բնակչություն կունենանք… Եվ մենք կունենանք շատ թուլացած մի հասարակություն, շատ թուլացած մի երկիր, որի ապագան արդեն վտանգված կլինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG