Մատչելիության հղումներ

logo-print

Բարաք Օբամա. «Քադաֆին պետք է հեռանա»


Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Մեծ ութնյակի Լ՛Աքվիլայի գագաթնաժողովում, հուլիս, 2009թ.

Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Մեծ ութնյակի Լ՛Աքվիլայի գագաթնաժողովում, հուլիս, 2009թ.

ԱՄՆ-ի նախագահը առաջին անգամ միանշանակ հայտարարել է, որ չորս տասնամյակ Լիբիան առաջնորդող գնդապետ Քադաֆին պետք է հրաժարվի իշխանությունից։

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երեկ երեկոյան ասել է, որ Մուամար Քադաֆին այլեւս կորցրել է ղեկավարելու լեգիտիմությունը եւ պարտավոր է հեռանալ, իսկ նրանք, ովքեր բռնությունների են ենթարկել Լիբիայի ժողովրդին` պատախանատվության են կանչվելու։

«Մենք շարունակ տալիս ենք այս պարզ ուղերձը` բռնությունները պետք է դադարեցնել, Լիբիայի ժողովրդի ազատության, դեմոկրատիայի եւ արժանապատվության ակնկալիքները պետք է իրականացվեն», - ասել է Բարաք Օբաման։


Սպիտակ տան ղեկավարը նաեւ հայտնել է, որ ամերիկյան օդուժը մասնակցելու է եգիպտացի մեծ թվով բանվորների տարհանմանը։ Լիբիայից խուճապահար փախուստի դիմող տասնյակ հազարավոր եգիպտացիներ այժմ անտանելի պայմաններում գտնվում են Թունիսի սահմանի մոտ։

Ընդհանուր հաշվով Լիբիայից հեռացել է մոտ 200 հազար մարդ` հիմնականում օտարերկրացի աշխատողներ։ Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը եւ ՄԱԿ-ը ավելի քան 30 միլիոն դոլար են տրամադրել մարդասիրական օգնության համար։

Լիբիայի ընդդիմությունը միջազգային համայնքին խնդրել է օդային հարվածներ հասցնել Քադաֆիի ուժերին, սակայն Պենտագոնը զուսպ է արձագանքել։

Պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը ասել է, որ դա նախապատրաստական լուրջ աշխատանք է պահանջում, «հարկ է ստեղծել թռիչքազերծ գոտի, իսկ դրա համար նախ եւ առաջ պետք է ոչնչացնել Լիբիայի հակաօդային պաշտպանության համակարգը, ինչն ինքնին արդեն կնշանակի պատերազմական գործողություն»։

Մինչդեռ, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան արդեն միջոցներ են ձեռնարկում թռիչքազերծ գոտի ստեղծելու համար։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն այսօր Փարիզում ասել է, որ Քադաֆիին պետք է զրկել սեփական ժողովրդին ռմբահարելու հնարավորությունից։


«Ակնհայտ է, որ խաղաղ բնակչությանը ռմբահարելու սպառնալիքն անընդունելի է, դա հանցագործություն կլինի, ուստի, մենք պետք է պատրաստ լինենք այն կանխել, դրա համար էլ Ֆրանսիան հավանություն է տալիս ՆԱՏՕ-ի ուժերով Լիբիայում թռիչքազերծ գոտի սահմանելու ծրագրին»,- ասել է Ալեն Ժյուպեն։

Այսօր մարտեր են տեղի ունեցել Աջդաբյա եւ Բրեգա ավանների մոտակայքում։

Լիբիայում, մինչդեռ, այսօր` ուրբաթօրյա նամազից հետո, ըննդիմության հարյուրավոր ներկայացուցիչներ փորձել են բողոքի ակցիաներ կազմակերպել մայրաքաղաք Տրիպոլիում, սակայն անվտանգության ուժերը արցունքաբեր գազի միջոցով ցրել են ցույցը։

Ընդդիմությունը վերախմբավորվել եւ նորից փորձել է հավաքվել մայրաքաղաքի Թաջուրա թաղամասում, բայց անվտանգության ուժերը սպառնացել են այս անգամ արդեն մարտական զենք կիրառել, ինչից հետո Քադաֆիի ընդդիմախոսները ստիպված լքել են թաղամասի փողոցները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG